Ի՞նչ է սպասվում Մոսկվայում 

Ի՞նչ է սպասվում Մոսկվայում 

Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության նիստին, տեղեկությունը հաստատել է Ռուսաստանի նախագահի օգնականը։ Յուրի Ուշակովի խոսքով՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից հետո Պուտին-Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի։

Այսօր տեղի ունեցած ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հաստատել է տեղեկատվությունը:

Հայ-ռուսական հարաբերություններն ակնհայտորեն լավագույն օրերը չեն ապրում, ընդ որում՝ երկուստեք այդ փաստն ընդունվում է, այլ խնդիր է, որ երկուստեք պատասխանատվությունը դրվում է մյուսի վրա:

Արդյո՞ք վաղվա հանդիպումն օգնելու է ճգնաժամի հաղթահարմանը, թե՞ ընդամենը հաստատելու է գործող «պատային» ստատուս-քվոն:

Մյուս կողմից, Փաշինյանը Մոսկվա է մեկնում Հայաստանում առկա քաղաքական լուրջ ճգնաժամի համատեքստում, երբ ընթացքի մեջ է հետհեղափոխական Հայաստանում ամենազանգվածային շարժումը, որը շատերի կանխատեսմամբ՝ կարող է վտանգել իշխանության դիրքերը:

Արդյո՞ք սա կարող է ազդել Փաշինյանի դիրքերի վրա ու նրան հակել կոմպրոմիսների, թե՞ հակառակը՝ Փաշինյանն ավելի անզիջում կլինի՝ ենթադրելով, թե ներքաղաքական «պրոբլեմները» ստեղծվել են Մոսկվայի կողմից:

Դժվար է միանշանակ պատասխաններ տալ այս հարցերին, մանավանդ, որ մենք իրազեկված չենք նաև Մոսկվայի իրական մտադրությունների մասին:

Վահրամ Բագրատյան