Իշխանության անհույս քրեականացումը

Իշխանության անհույս քրեականացումը

«Փաստ» թերթի աղբյուրները փոխանցում էին, որ Փաշինյանը պատրաստվում է Վանաձոր համայնքի ղեկավարի ժ/պ նշանակել Ակա մականունով Արկադի Փելեշյանին, որը ավագանու ընտրություններին գլխավորում էր Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության ցուցակը և ստացել էր 5 մանդատ: Ի դեպ, Փելեշյանը հատկապես հայտնի է նրանով, որ պարբերաբար հայտնվում է տարբեր սկանդալներում, ավելին՝ ոչ մեկ անգամ հայտնվել է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում: Վանաձորում համայնքապետի ԺՊ նշանակելու իշխանության ապօրինի մտադրության մասին արդեն գրել ենք։ Ուշագրավն այն է, որ իշխանության այդ մտադրության մասին բարձրաձայնել է Լոռիի մարզպետը՝ թքած ունենալով օրենքի այն իմպերատիվ պահանջի վրա, որ ձևավորված ավագանիի պարագայում՝ վարչապետը նման նշանակում անել չի կարող։ Բայց օրենքները գործում են ժողովրդավարական երկրներում, իսկ Հայաստանում սովորական «բեսպրեդել» է, որտեղ գերիշխող են մեկ մարդու ցանկությունները, քմահաճույքները։
Որտեղ «բեսպրեդել», այնտեղ՝ իշխանության քրեականացում։

Սա աքսիոմ է։ Այս տրամաբանությամբ՝ բացարձակապես չենք բացառում, որ կրիմինալ հակումներ ունեցող Ակա մականունով Արկադի Փելեշյանը կարող է նշանակվել Վանաձորի համայնքապետի ԺՊ։ Սա առաջին դեպքը չէ, երբ գործող իշխանությունը՝ փակուղում հայտնվելու պարագայում, դիմել է նախկին համակարգի «աճեցրած» կրիմինալ կադրերի աջակցությանը։ Ամբողջ խնդիրն այն է, որ Փելեշյանի հնարավոր նշանակմամբ՝ Վանաձորում ճգնաժամը ոչ միայն չի հաղթահարվի, այլ նաև նոր դրսևորումներ կստանա։ Օրինակ, անբնական է, երբ վարչապետը Վանաձորի համայնքապետի ԺՊ է նշանակում քաղաքական մի ուժի ներկայացուցչի, որն ընդամենը 5 մանդատ ունի 33 մարդուց բաղկացած ավագանիում։ Սա միանշանակ համարվելու է ոչ թե «ճգնաժամային» լուծում, այլ Վանաձորի նոր համայնքապետի ընտրությունն ուղղորդելու իշխանության մեսսիջ։

Վահրամ Բագրատյան