ՔՊ-ի «կայուն» նահանջը

Անցած օրը ՔՊ-ի համար անհաջող էր։
Վարդենիսի ավագանու արտահերթ նիստում համայնքապետ է ընտրվել «Ահարոն Խաչատրյան» և «Միասնական Վարդենիս» խմբակցությունների կողմից առաջադրված Ահարոն Խաչատրյանը:
Երկու խմբակցությունները միասին 27 հոգուց բաղկացած ավագանիում ունեն 14 մանդատ՝ մեկով ավելին, քան ՔՊ-ին։ Չնայած դրան՝ Վարդենիսի արդեն նախկին ՔՊ-ական համայնքապետը՝ ոստիկանության ու կենտրոնական իշխանության ջանքերով, ամեն ինչ անում էր՝ ընդդիմության հաղթանակը, ավագանու նիստի հրավիրումը ու նոր համայնքապետի ընտրության գործընթացը վիժեցնելու համար։
Իշխանության ճնշումները, ՔՊ-ի հարուցած անիմաստ դատական քաշքշուկը որևէ արդյունք չտվեցին․ ընդդիմադիր զույգ խմբակցության անդամներից որևէ մեկը «չմտափոխվեց» ու երեկ, համայնքապետի ընտրությունից հետո, ՔՊ խմբակցությունը դիմեց մի քայլի՝ բոյկոտի, ինչի համար համապետական մակարդակում հաճախ քննադատում է ընդդիմությանը։
Թալինում, դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո, համանման վիճակ էր ստեղծվել՝ ՔՊ-ն թեև առաջատար էր, բայց պարտվում էր համայնքապետի ընտրությունների գործընթացում, որովհետև դարձյալ դաշինք էին կազմել ընդդիմադիր խմբակցությունները։ Թալինի 21-հոգանոց ավագանիում ՔՊ-ն 10 ձայն ուներ, սակայն թեկնածու Տավրոս Սափեյանի օգտին քվեարկել է նաև Կարեն Գրիգորյանը «Հայք» խմբակցությունից: Թեև ՔՊ-ն, տարբեր մեխանիզմներ բանեցնելով, ավագանուն կարողացել է համոզել կամ ստիպել համայնքապետ ընտրել, բայց ավագանին նիստ գումարել չի կարողանում, քանի որ Սափեյանի օգտին քվեարկած Գրիգորյանը հրաժարվել է մանդատից, իսկ մյուս խմբակցությունների ավագանու անդամներն առ այսօր բոյկոտում են ավագանու նիստերը։
Սափեյանը չի կարողացել անգամ պաշտոնը ստանձնել երդմնակալության արարողությամբ, ավագանին երեք ամսից ավելի նստեր չի անցկացնում ու օրենքի պահանջն է՝ արտահերթ ընտրությունների անցկացումը։
Նման հեռանկարը վախեցնում է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, որովհետև տեղերում ՔՊ վարկանիշն անկում է ապրել, իսկ վարչական ռեսուրսի կիրառումն արդյունավետ չի լինում, երբ իշխանությունը որևէ համայնքում բախվում է կոնսոլիդացված ընդդիմության հետ։
Վահրամ Բագրատյան