Խորհրդարանական շոու՝ զրոյական արդյունքով

Խորհրդարանական շոու՝ զրոյական արդյունքով

Ազգային ժողովը երեկվանից քննարկում է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին գլխավոր դատախազի միջնորդությունները։

Սեյրան Օհանյանի վերաբերյալ երեք միջնորդություն կա, որոնցից մեկը գաղտնի է։ Մի գործով, ըստ դատախազության, փաստեր ունեն, որ Օհանյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, առանձնապես խոշոր չափերով վատնում է կատարել։ Մյուս երկու գործերով՝ նախկին նախարարը վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույք է հափշտակել։

Ավելի վաղ համանուն խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի վերաբերյալ գլխավոր դատախազը մեկ միջնորդություն է ներկայացրել, գործն առնչվում է պրոֆեսոր Չարչյանի բժշկական գործունեությանը: Ըստ դատախազության՝ նա 2017 թվականին ստորագրել է փորձաքննության ակնհայտ կեղծ եզրակացություն։

Թվում է՝ դատախազությունը ԱԺ է եկել ծանրակշիռ փաստերով, բայց միայն՝ առևրևույթ: Իրականում՝ գործ ունենք սովորական մի շոուի հետ, որի նպատակը հանրության ուշադրությունը իրական խնդիրներից, մասնավորապես՝ Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից շեղելն է:

Վերջին փաստի օգտին է խոսում նաև այն հանգամանքը, որ իշխանություններն ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ «կոմպրոմատը» շրջանառու դարձրեցին Ազատի միջադեպից հետո, երբ քաղաքական ուժերը և հանրության մեծ մասը պահանջեցին ՊՆ գործող նախարար Սուրեն Պապիկյանի հրաժարականը:

Բացի այդ, եթե անգամ Օհանյանի ու Չարչյանի մեղքը հարյուր տոկոսով հաստատվի, ապա նրանցից որևէ մեկին անգամ մեկ օրով մեկուսացում կամ ազատազրկում չի սպառնում: Այս քրեական հետապնդումները ենթակա են կարճման՝ վաղեմության ժամկետի հիմքով:

Ուշագրավ մեկ այլ հանգամանք ևս. Սեյրան Օհանյանն, օրինակ, մեղադրվում է իր պաշտոնավարման տարիներին չգործող մի զորամասի օտարման դրվագով ու սա այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանն անցյալ տարի միայն որոշում է կայացրել՝ զինվորական 71 օբյեկտ օտարելու մասին:

Ենթադրո՞ւմ է սա, որ, օրինակ, իշխանափոխությունից հետո, նույն այս տրամաբանությամբ, քրգործեր են հարուցվելու Փաշինյանի և Պապիկյանի հանդեպ:

Այլ խոսքով, միանգամայն լեգիտիմ է դառնում՝ «իսկ ո՞վ է դատավորը» հարցը:
Մի խոսքով, խորհրդարանում բեմադրվել է իսկական մի շոու, որի միակ հերոսը Փաշինյանի «սրտի դատախազն» է:

Վահրամ Բագրատյան