Ռուբեն Մխիթարյանը խառնեց բոլորի խաղաքարտերը․ ո՞վ կհաղթի Գյումրիի ընտրություններում

Գյումրին կանգնած է ընտրությունների շեմին՝ մարտի 30-ին Գյումրիում կանցկացվեն արտահերթ ընտրություններ։ Արդեն մի քանի ամիս է ՔՊ–ն ակտիվ քարոզարշավ է իրականացնում, ընդդիմությունն էլ նոր թեկնածուների անուններ է հնչեցնում։
Այդպես, երեկ «Hayat Project»-ի պրոդյուսեր, ռեժիսոր, ընդդիմադիր հայացքներով հայտնի գործիչ Ռուբեն Մխիթարյանը հայտարարությամբ հանդես եկավ, որով տեղեկացրեց, որ մասնակցելու է առաջիկա ընտրություններին։ Նա նշեց, որ պաշտոնն իր համար ինքնանպատակ չէ, ինքն իրական այլընտրանք է առաջարկում համաքաղաքացիներին։
Ավելի վաղ իր մասնակցության մասին MediaHub-ի հետ զրույցում ասել էր Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, այսօր ԱԺ-ում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը ևս նշեց, որ որոշել է Գյումրու քաղաքապետի թեկնածու առաջադրվել։
Ի՞նչ սպասել ընտրություններից, արդյո՞ք Գյումրիում իշխանափոխություն կլինի և ընդդիմադիր որևէ թեկնածու կընտրվի, ի՞նչ սպասել ՔՊ-ից. այս և այլ հարցերի շուրջ MediaHub–ը զրուցեց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ։
«Երեկ բոլորի խաղաքարտերը խառնեց Ռուբեն Մխիթարյանը: Լինենք անկեղծ՝ Ռուբեն Մխիթարյանը շատ բարձր վարկանիշ ունեցող հանրային գործիչ է, նա մշտապես եղավ իր սկզբունքային դիրքորոշման մեջ, որ այս իշխանությունն աղետ է, այս իշխանությունը պիտի հեռանա, որ ՀՀ–ն փրկվի, և մենք տեսել ենք իր վճռական պայքարն այս ռեժիմի դեմ։ Նա շատ մեծ ոգևորություն է առաջացրել գյումրեցիների շրջանում, էականորեն նոր իրավիճակ է ստեղծել»,- ասաց Զոհրաբյանը:
Ընդդիմադիր գործիչը հիշեցրեց, որ ՔՊ–ն փորձեց առաջադրել թեկնածու, ով իրենց անվան հետ չի առնչվում՝ Սարիկ Մինասյանին, որ փորձի մեղմել հակազդեցությունը, քանի որ այսօր «ՔՊ հավասարազոր է հայհոյանքի»:
Ինչ վերաբերում է մյուս թեկնածուներին, ապա, ըստ Զոհրաբյանի, պարզ էր, որ Մարտուն Գրիգորյանը և Վարդան Ղուկասյանն առաջադրվելու են, և «Մայր Հյաաստան» դաշինքը նույնպես՝ թեկնածու ունի։ Ապա դժվարացավ կանխատեսում անել, թե ինչ կլինի՝ ամենը կախված է քարոզարշավից։ «Քիչ եմ հավանական համարում, որ հականիկոլ ճամբարի ուժերը կմիավորվեն, սակայն, դա կլիներ լավագույն լուծումը. նիկոլիզմը, որի հաղթարշավը սկսվեց Գյումրիում, Գյումրիում էլ մահկանացուն կկնքեր, բայց ոչինչ եկեք չբացառենք։ Ներքին հավատ ունեմ, որ Գյումրին դառնալու է Նիկոլի ֆիասկոյի սկիզբը, քանի որ ակնհայտ է, որ երկրում իրավիճակ է փոխվել»,– ասաց նա։
Նախկին պատգամավորին հիշեցրեցին Վանաձորի օրինակը և այն, թե ինչ եղավ ընտրված համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի հետ, արդյո՞ք եթե ընդդիմադիր գործիչ ընտրվի Գյումրիի քաղաքապետ, նույն ապագային չի արժանանա։
«Կան թեկնածուներ, որոնց վրա իշխանությունը կարող է լծակներ գործադրել, և չեմ բացառում, որ իրենք այդ ճանապարհով կփորձեն գնալ: Իմանալով Ռուբեն Մխիթարյանին, կարծում եմ, որ Մխիթարյանն այս ամենը եթե հաշվարկած չլիներ, որ իրեն հենց-նենց կկալանավորեն՝ նրա համար, որ հաղթել է, ինչպես արեցին Մամիկոն Ասլանյանի հետ, այն բանի համար, որ նա հրաժարվեց պաչել ՔՊ–ի խաչը… ես կարծում եմ՝ նա ամենը հաշվարկել է և գիտի, թե ինչի է գնում։ 6 ամիս առաջ ես վստահությամբ չէի ասի, որ երկրում իրավիճակ է փոխվել, իսկ այսօր ՔՊ–ին սատարելը համարվում է ամոթ, համարվում է խարան, անգամ նրանց համար, ով 2021թ–ին ձայնը տվել են այս ռեժիմին»,– շեշտեց Զոհրաբյանը։
Այսպիսի իրավիճակ, որ իշխանությունը զրոյական վարկանիշ ունի, ըստ Զոհրաբյանի, որևէ ժամանակ չի եղել, անգամ համեմատական անցկացրեց՝ «ըստ սոցիալական հարցումների՝ Հանրապետական կուսակցությունը, որի դեմ սկսվեց դագաղների տեռորը, ուներ 19.9% վարկանիշ, իսկ ներկայումս Նիկոլն ունի, ըստ Gellup-ի 11.1%»։
«Սա նշանակում է, որ ՀՀ–ում իշխանություն չկա, նշանակում է, որ Նիկոլ Փաշինյան ուղղակի չկա»,- հավելեց մեր զրուցակիցը։
Մարիաննա Արամյան