ՔՊ-ական ուզուրպացիա

Կուսակցության ղեկավար մարմնի նախօրեի նիստից հետո «Քաղաքացիական պայմանագիրն» արդեն խոսում է Գյումրիում իշխանություն ձևավորելու նոր սցենարի՝ նախքան արտահերթ ընտրությունները ժամանակավոր համայնքապետ նշանակելու մասին։
Ըստ էության, գործ ունենք վանաձորյան մոդելի կրկնության հետ, երբ Նիկոլ Փաշինյանը չհամակերպվեց ընտրությունների արդյունքների հետ, ռեպրեսիվ մեթոդներով ազատազրկեց «5 րոպե պակաս» ռեժիմով քաղաքապետ ընտրված Մամիկոն Ասլանյանին ու մինչև հիմա երրորդ քաղաքը ղեկավարում է «փոխանորդի» միջոցով:
Նույն սցենարն, ըստ էության, գործարկվում է Գյումրիում, որտեղ տեղական կառավարող խմբակցությունն ամբողջ կազմով հրաժարվեց մանդատներից՝ առանց որևէ հիմնավորման:
Սա, ըստ էության, տեղական իշխանության ուզուրպացիա է ու արժե քննարկել՝ ո՞րն է ՔՊ-ի նպատակը:
Նախ, Փաշինյանը փորձում է ժամանակ շահել, որովհետև իշխող կուսակցության ներսում, ըստ էության, չկա կոնսենսուսային թեկնածու։
Երկրորդ, Փաշինյանը փորձում է դե ֆակտո քաղաքապետ նշանակել, ով պետք է «հաղթի ընտրություններում»՝ ադմինիստրատիվ ողջ ռեսուրսն օգտագործելով:
Եվ վերջապես՝ Գյումրիի ընտրությունները 2026-ի հիմնական փորձարկումն են, ըստ այդմ՝ իշխանությունները փորձում են «հարմար պահ» ընտրել՝ առավելագույնս օգուտ քաղելու նպատակով:
Սուրեն Սուրենյանց