Կառավարությունը գաղտնի որոշմամբ Toyota մակնիշի թանկարժեք ամենագնացներ է գնել Վահագն Խաչատուրյանի թիկնապահների համար

Նիկոլ Փաշինյանը, որ ամիսներ առաջ պետական ավտոպարկի ցուցակը վերցրել և պոպուլիստաբար խազեր էր քաշում ծառայողական մեքենաների վրա՝ անխնա կրճատելով դրանք, վերջերս նոր, թանկարժեք ամենագնացներ է գնել ՊՊԾ-ի համար։
Խոսքը մոտ 90 հազար դոլար արժողությամբ Toyota Land Cruiser 250 մակնիշի ամենագնացների մասին է, որոնք գնվել են մեկ իշխանությունների սիրելի «Տոյոտա Երևան» ընկերությունից և մեկ անձից գնման ընթացակարգով։ Ընդ որում, կառավարությունն այդ գնումը կատարել է գաղտնի որոշմամբ, և պայմանագրի կողմ հանդիսացող սուբյեկտներն էլ գաղտնիության թուղթ են ստորագրել, որ «ոչ մի բառ այդ մասին չեն խոսելու»։
MediaHub-ի տեղեկություններով՝ ձեռք է բերվել 4 կամ 5 այդպիսի ամենագնաց, որոնցից երկուսը հատկացվել է Հայաստանի ամենակարևոր պաշտոնը զբաղեցնող անձի՝ նախագահ Վահագն Խաչատուրյանի անվտանգության աշխատակիցներին։
Մենք այդ մասին վաղուց գիտեինք, և սպասում էինք, թե երբ ենք այդ մեքենաները տեսնելու շահագործման մեջ։ Եվ, ահա, երեկ Դեմիրճյան փողոցում մեր դիմաց դուրս եկավ Հայաստանի ամենաանդարդ պաշտոնյայի՝ նախագահ Վահագն Խաչատուրյանի շարասյունը, որում նախագահին սպասարկող Mercedes-Maybach-ն էր և նախագահի անվտանգությունն ապահավող ՊՊԾ աշխատակիցների համար նոր գնված Toyota LC250 Prado ամենագնացները, որոնք առջևից և հետևից ուղեկցում էին նախագահի մեքենան։
Ցավոք, չհասցրեցինք նկարել մեքենաները, որովհետև Վահագն Խաչատուրյանի շարասյունն այնպիսի մեծ արագությամբ և աղմուկ-աղաղակով էր «արշավում» դեպի վեր, այն էլ՝ հանդիպակաց գոտի դուրս գալով, որ հազիվ կարողացանք մեր մեքենան փախցնել, որ նախագահի շարասյան հետ ճակատ-ճակատի չբախվենք։
Վահե Մակարյան