«Իրական Հայաստան»-ի գաղափարախոսության նախագիծը հետաքրքիր էր միայն թուրք լրագրողներին, խումբ են ձևավորել եկել

«Տարիներ առաջ նույնիսկ վատ երազում չէի պատկերացնի, կամ մտքիս ծայրով չէի անցկացնի, որ Հայաստանում հակահայ իշխանություն է ձևավորվելու և սպասարկելու է թուրք-ադրբեջանական շահերը։ Ոնց որ երազ լինի։ Ու եթե մի քիչ խորանում եմ այս իրողություններին, հասկանում եմ, որ սա մեր ժողովրդին դեռ քիչ ա։ 2021 թվականի համապետական ընտրություններին Նիկոլ Փաշինյանի վերարտադրությանը՝ արժանի ենք»,-MediaHub-ին պատմում է «Դասավանդիր Հայաստան» ծրագրով Արցախում 6 ամիս առաքելություն իրականացրած Անուշ Միսակյանը։
Անուշն ու իր ընկերները Արցախի հեռավոր շրջանների գյուղերում դասավանդելուց բացի, զբաղվել են նաև գյուղատնտեսությամբ, ապրել գյուղական առօրյայով։ 2020 թվականից հետո հայ ժողովրդի դեմ տարվող արշավը, Անուշի ու իր պես մտածող հայ հասարակության համար ընդունելի չէ։
«Մեծ հաշվող ես մեղադրում եմ հասարակությանը։ Մարդկանց անտեղյակության, կներեք խոսքիս համար՝ տգիտության պատճառով մեզ ամեն օր մատուցում են, որ Արցախը, որի համար հազարավոր կյանքեր են զոհաբերվել՝ հայկական չէ։ Մենք պահանջատեր չենք, դրա համար Ադրբեջանը հիմա Սյունիքի ու Վայոց ձորի սուվերեն տարածքում է»,-ասում է նա։
Անուշը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի թուրք լրագրողներին Հայաստան հրավիրելն ինքնանպատակ չէր։ Սպասենք եթերում հնչած ուղերձներին։
«Փաստորեն, փետրվարի 27-ին Փաշինյանի կողմից հրապարակված «Իրական Հայաստան»-ի գաղափարախոսության նախագիծը հետաքրքիր էր միայն թուրք լրագրողներին։ Խումբ են ձևավորել, հայտ ներկայացրել ու Երևանի կենտրոնում՝ անկաշկանդ մթնոլորտում քննարկել են «Իրական Հայաստան»-ի հեռանկարները»,- վրդովվում է մեր զրուցակիցը։
Այս ֆոնին չի նվազում պետական մակարդակով արցախցիներին խտրական վերաբերմունքի արժանացնելու գործողությունները։ Մեր զրուցակիցն ասում է, որ կառավարությունն ամեն ինչ անում է թուրք ժողովրդին ուրախացնելու համար, հստակ իմանալով, որ դրա հետ հաշտ չեն հիմնականում Արցախի հայերը, որոնք հայ մնալու համար կռվել են, պայքարել, կրել զրկանքներ ու չեն պատրաստվում ներել։
«Չգիտեմ՝ սա ի՞նչ մեխանիզմ է և ի՞նչ նպատակ ունի, որ մարդկանց կաղապարված գլուխները լվանում են իրենց ստերով, հաճո՞ւյք են ստանում, թե՞ ինչ որ այլ ծրագիր կա թաքնված այդ ատելության մեջ։ Շատերին թվում է, թե արցախցիները այլմոլորակայիններ են, որոնց ինչ պատիժ էլ տան, ոնց էլ խոշտանգեն, քիչ է։ Նրանք, ովքեր տեսել են, լսել են, արցախցիների հետ ճանապարհ են անցել, նստել-վեր կացել՝ բոլորովին այլ կարծիք ունեն»,-հավելեց մեր զրուցակիցը։
Հունան Թադևոսյան