Տեղին նախաձեռնություն, որը, սակայն, չի վերացնի Փաշինյանի ամբարտավանությունը

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունն առաջարկում է փոփոխել Ազգային ժողովի կանոնակարգ օրենքը, որ վարչապետն ու արտաքին գործերի նախարարը հաշվետու լինեն խորհրդարանին։
«Որպեսզի էլ ոչ մեկը երբեք լկտիություն չունենա ասել` ինչ պետք է` դա էլ բանակցում ենք», - ասել է նախաձեռնության հեղինակ Հայկ Մամիջանյանը:
Նախաձեռնության հեղինակներն առաջարկում են, որ վարչապետն ու արտգործնախարարը երեք կամ վեց ամիսը մեկ զեկույց ներկայացնեն արտաքին հարցերով բանակցային գործընթացի մասին, իսկ հետո պատգամավորների 25 տոկոսի ստորագրությամբ նրանք հրավիրվեն Ազգային ժողով` փակ նիստում հարցերին պատասխանելու։
«Պատիվ ունեմ» խմբակցությունը միանգամայն ճիշտ է. օրենսդրորեն պետք է կարգավորվի կառավարության հաշվետվողականությունը խորհրդարանին` արտաքին քաղաքականության և առկա իրավիճակի վերաբերյալ։
Խորհրդարանական համակարգում ԱԺ նման վերահսկողական գործառույթը աքսիոմատիկ ճշմարտություն է։
Ամբողջ խնդիրն այն է, որ այդ «աքսիոմը» Հայաստանում չի գործելու մի պարզ պատճառով։ Մեզանում չկա քաղաքական մշակույթ ու վարչապետի ամբարտավանությունը նրան թույլ է տալիս ասել, թե «ինչ պետք ա, այն էլ բանակցում ենք»:
Այդ ամբարտավանությունը նույնիսկ պատերազմից հետո չի վերացել, ինչի ապացույցն է նաև այն, որ իշխանության ներկայացուցիչներն երեկ չէին մասնակցում խորհրդարանական լսումներին։
Եթե նույնիսկ ԱԺ կանոնակարգում հրաշքով ընդդիմության առաջարկած փոփոխությունները տեղ գտնեն, ապա միևնույն է` Փաշինյանն ու նրա թիմն առաջնորդվելու են «ինչ պետք ա, այն էլ բանակցում ենք» արատավոր սկզբունքով։ Տարբերությունն այն է լինելու, որ օրենքի փոփոխությունից հետո Փաշինյանի ամբարտավան պատասխանը ոչ թե բանավոր է լինելու, այլ գրավոր։
Օրենքով կառավարության նկատմամբ վերահսկողություն սահմանել պետք է, բայց այդ ինստիտուտը կգործի, եթե քաղաքական մշակույթ փոխվի։
Վահրամ Բագրատյան