Հերթական կեղծիքի բացահայտումը

Հերթական կեղծիքի բացահայտումը

Զինվորական կացարանի հրդեհից մահացած 15 զինծառայողներից 14 դիերը հայտնաբերվել են ննջարանի տարբեր հատվածներում, իսկ մեկ զինծառայողի դին հայտնաբերվել է կացարանի նախասրահում։ 

Այս մանրամասները Հանրային հեռուստատեսության եթերում ասել է Զինվորական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի պետ Արշակ Մարտիրոսյանը:

Փրկարար ծառայության ներկայացուցիչ Արսեն Սարոյանի վարկածը, թե բոլոր զինծառայողների դիերը մահճակալների վրա են եղել, ցուցմունքով հերքվել է։ Նա իր ցուցմունքում  նշել է, որ ինքը դեպքի պահին դեպքի վայրում չի եղել, բանավոր տեղեկությունն էլ այլ կերպ է ընկալել։

Թվում է՝ մարդիկ քննություն են կատարել ու հերքել նախապես հնչեցված վարկածը, թե իբրև զինվորները քնած են մահացել՝ այրվելու կամ խեղդամահ լինելու հետևանքով:

Չէ, իհարկե, զինվորների քնած լինելու վարկածը հերքվել է, բայց ոչ թե այն պատճառով, որ նախաքննությունը օբյեկտիվ ու համապարփակ ընթացք ունի, այլ որովհետև կենդանի մնացած զինվորներից մեկը հարցազրույց էր տվել ու ասել էր, որ ինքը հրդեհից հետո մահճակալի վրա ոչ մի զինվորի չի տեսել, բոլորը ոտքը վրա են եղել՝ հուսահատ ճիգեր գործադրելով փրկվելու համար:

Իշխանամետ ԶԼՄ-ները մի քանի օր փորձում էին «խմբագրել» զինվորի հարցազրույցը, ի վերջո՝ երբ համոզեցին, որ դա հնարավոր չէ, երեկ հեռուստաեթերում հայտնվեց Զինվորական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի պետ Արշակ Մարտիրոսյանը՝ նոր վարկածով:

Համոզված ենք, որ հնարավոր իշխանափոխությունից հետո հրդեհի գործով նոր մանրամասներ են ի հայտ գալու, որոնք այսօր «հետևողականորեն» կոծկվում են գործող իշխանության կողմից:

Վահրամ Բագրատյան