Ինչո՞ւ պետք է Ռուսաստանը երես թեքի Հայաստանից․ հայացք Մոսկվայից

Հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են բավականին լարվածության մեջ։ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում և այլ կազմակերպություններում, սակայն իրավիճակն արդեն հասել է այն աստիճանի, որ Հայաստանը չի մասնակցում նիստերին և հրաժարվում է իր քվոտաներից։
MediaHub-ի հետ հարցազրույցում ՄԳԻՄՕ-ի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսեյ Տոկարևը վստահություն հայտնեց, որ Հայաստանը և Ռուսաստանը մնում են դաշնակիցներ և Ռուսաստանը երեսը չի թեքի Հայաստանից։
«Ինձ թվում է՝ որքանով ես հասկանում եմ Հայաստանի ազգային շահերից, դրանք այժմ չեն համապատասխանում այդ շահերին։ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած դեպքերի հետ համատեղ, հայ հասարակության մեջ կա շատ ուժեղ հիասթափություն և այդ հիասթափությունն ավելի է ուժեղանում Հայաստանի իշխանությունների կողմից, ԶԼՄ-ների առանձին դրսևորումներով։ Իմ կարծիքով, սա սխալմունք է։ Կարծում եմ, որ ռուսական 102 բազայի պահպանումը բխում է թե՛ Ռուսաստանի, թե՛ Հայաստանի ազգային շահերից։ Ինչ վերաբերում է Արցախում ռուս խաղաղապահների ներկայությանը, ապա խաղաղապահները մանդատ ունեն մինչև 2025 թվականը: Մինչ այժմ ոչ ոք դուրս չի եկել նոյեմբերի 9-ի համաձայնագրից և նրանք պահպանում են իրենց մանդատը», - ասաց Ալեքսեյ Տոկարևը:
Փորձագետը կարծում է, որ առևտրային հարաբերություններում ևս Ռուսաստանը երես չի թեքելու Հայաստանից։ Նա դրանում որևէ օգուտ չի տեսնում, քանի որ առևտուրը շահույթ է: Ի վերջո, ասում է նա, Հայաստանում ՀՆԱ-ն աճել է 12,6 %-ով շնորհիվ ռուս վերաբնակիչների, դեպի ՌԴ Հայաստանի արտահանման և ՌԴ-ից ներմուծման շնորհիվ: Բացի այս, հիշեցրեց նա, 2 միլիոնից ավելի հայ ապրում է Ռուսաստանում, ինչո՞ւ պետք է հանկարծ Ռուսաստանը երես թեքի Հայաստանից։
«Դուք կարող եք նայել Վրաստանի հետ հարաբերություններին, Վրաստանն ունի ինտեգրման եվրաատլանտյան վեկտոր։ Նրանք ցանկանում էին անդամակցել ՆԱՏՕ-ին և դեռ ցանկանում են: Եվ դա հակասում է Ռուսաստանի ազգային շահերին, մեր բոլոր դոկտրինալ փաստաթղթերում գրված է, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը սպառնալիք է, բայց, միևնույն ժամանակ, մենք առևտուր ենք արել և առևտուր ենք անում Վրաստանի հետ։ Իսկ մեր ժողովուրդը գնում է այնտեղ և վրացիները գալիս են մեզ մոտ, ՌԴ-ն վերացրել է վիզային ռեժիմը վրացիների համար։ Տնտեսությունը միշտ չէ, որ համապատասխանում է քաղաքականությանը»,- եզրափակեց Տոկարևը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ կոնյակ արտադրող ընկերություններից մեկից մեզ հայտնել էին, որ ռուսական խոշոր «Магнит» սուպերմարկետների ցանցը հրաժարվել է իրենցից կոնյակ մատակարարել՝ «по политическим соображениям»: Օրերս էլ հայտնի դարձավ, որ Լարսում հայկական կոնյակ արտահանող բեռնատարների հերթ է գոյացել, քանի որ ռուսական կողմը որոշել է ապրանքն ուղարկել փորձաքննության: Այս պահին, կարծես, խնդիրը կարգավորվել է, սակայն հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերություններում առկա լարվածությունը, չի բացառվում, որ իրավիճակը գնալով էլ ավելի կվատանա, և ՀՀ քաղաքացիներն ու բիզնեսը առաջին տուժողներն են:
Մարիաննա Արամյան