Թե ինչի համար է Ադրբեջանը սուտ հաղորդագրություն տարածում, պարզ է, մնում է իշխանությունը հասկանա

Թե ինչի համար է Ադրբեջանը սուտ հաղորդագրություն տարածում, պարզ է, մնում է իշխանությունը հասկանա

«Հայկական զինված ուժերի ստորաբաժանումները կրկին գնդակոծել են ադրբեջանական բանակի դիրքերը»,- հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։

Ըստ ադրբեջանական ռազմական գերատեսչության՝ հայկական կողմն արդեն երրորդ օրն է, ինչ գնդակոծում է ադրբեջանական բանակի դիրքերը։ Իբրև մարտի 16-ին հայկական զինված ուժերը օրվա ընթացքում երեք անգամ կրակ են բացել և իբրև նույնը շարունակվել է մարտի 17-ին և «հայ զինվորականները երկու անգամ կրակել են ադրբեջանական տարածքի դիրքերի ուղղությամբ՝ առաջին կրակոցները տևել են 1:25-ից 12:55-ը»։

Չենք ցանկանում մեջբերել թշնամի երկրի պաշտպանական գերատեսչության կեղծ հաղորդագրությունները:

MediaHub-ը կապ հաստատեց Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի  սահմանամերձ բնակավայրերի բնակիչների հետ։ Վերջիններս  մեզ հետ զրույցում պնդեցին, որ անգամ ինքնաձիգից արձակված կրակի ձայնն է բնակիչներին հասանելի, ուր մնաց թե հրետանային միջոցների։ 

«Ընդհանրապես, Ադրբեջանը միշտ առաջինն է կրակում, հետո շտապում մեղադրել մեզ, թե իրենք են խախտել հրադադարը։ Բայց զարմանալիորեն պիտի նշեմ, որ էս դեպքում իրենք էլ չեն խախտել, սահմանին հանգիստ է նախորդ օրերի պես։ Թե ինչի համար է Ադրբեջանը սուտ հաղորդագրություն տարածում, մեզ համար պարզ է, մնում է իշխանությունը հասկանա»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Տեղ գյուղի բնակիչը։ 

Խնածախի բնակիչները վերջին օրերին նկատել են, որ թշնամու կողմից ակտիվ շարժ կա, բայց գյուղից տեսանելի չէ դիրքերի հակառակ կողմը։ 

«Մեր գյուղը ամենամոտն է ադրբեջանական դիրքերին, մի կրակոց չենք լսել։ Հիմա իրենց ասելով՝ հրետանային միջոցներ ենք կիրառել։ Երբ գործի է դրվում հրետանին, դա արդեն պատերազմ է, ոչ թե հրադադարի խախտում»,- նշեց նա։ 

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Վահան բնակավայրի վարչական ղեկավար Արշակ Մկրտչյանն ասաց, որ սահմանային ցանկացած խախտում Վահանից և՛ լսելի է, և՛ տեսանելի։

«Անցած օրերին որևէ խախտում չի եղել։ Գյուղն ապրում է իր բնականանոն կյանքով, մարդիկ զբաղված են իրենց առօրյա գործով»։ 

Թե ինչ նպատակ է ադրբեջանական կեղծ քարոզի հետևում, Մկրտչյանը դժվարացավ պատասխանել։ 

Հիշեցնենք, արդեն երրորդ օրն անընդմեջ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի կեղծ հաղորդագրությունները, դրանք որակում ապատեղեկատվություն։

Հունան Թադևոսյան