Փոքր էրեխուն մի քանի անգամ է գրկել, հիմա մեծ աղջիկ է․ ընտանիքներում սպասում են գերիների վերադարձին

Փոքր էրեխուն մի քանի անգամ է գրկել, հիմա մեծ աղջիկ է․ ընտանիքներում սպասում են գերիների վերադարձին

Ադրբեջանից 32 հայ գերիների վերադարձը շարունակում է մնալ ամենահրատապը։ Հարազատները հրապարակված ցուցակներում կարդացել են որդիների անունները, բայց նրանցից որևէ տեղեկություն չկա։ MediaHub-ը կապ է հաստատել 2  ընտանիքի հետ։ Հայրն ասում է, որ ուշ երեկոյան իր ընկերն է զանգել, աչքալույս տվել, ինքը զարմացել է, չի հավատացել։

«Չեմ կարողացել խոսել հետը, լաց եղա, անջատեցի հեռախոսը։ Տեղում մատաղի խոստում եմ տվել։ Վազեցի տուն, կնոջս ասացի, ինքն էլ չհավատաց։ Ախր 3 տարի ա մենք դռնեդուռ ընկած չենք կարողանում մեր էրեխեքին հայրենիք վերադարձնենք»,- ասաց նա։ 

Մեր զրուցակիցը նշեց, որ անցած տարիների ընթացքում որդու հետ կապ հաստատել են։ «Բաքվի բանտում գտնվող տղան վստահեցրել է, որ լավ է, միայն անընդհատ ասում էր՝ «դուք ձեզ լա՛վ պահեք, մի օր մենք էլ կվերադառնանք»։ Ես չէի հավատում, որ Ադրբեջանը մարդասիրական քայլ կանի»,- ասաց շիրակցի տղամարդը։ 

Նրա որդին գերեվարվել է 2020  թվականի դեկտեմբերին Արցախի Խծաբերդ - Հին Թաղեր հատվածում։ «Գա ընտանիքին տեր կանգնի, փոքր էրեխուն մի քանի անգամ է գրկել, հիմա մեծ աղջիկ է»,- ասաց հայրը։  

Հաշվի առնելով հանգամանքը, որ տղաները դեռ Հայաստանում չեն, հարազատները ցանկություն հայտնեցին չհրապարակել անունները։ Շիրակի մարզից մեկ այլ ռազմագերու մայրը MediaHub-ին պատմեց, որ որդու անունը կարդացել է ու հետո չի հիշում՝ ի՞նչ է եղել։

«Երբ աչքերս բացեցի, տեսա մահճակալի վրա պառկած եմ, էդ ուշ ժամին մեր բոլոր բարեկամները ինձ շրջապատել էին։ Որախությունից ուշաթափվել եմ։ Հիմա, անհամբերությամբ սպասում եմ, որ տղաս գա։ Հույսս կտրել էի արդեն, բայց լավ է, որ փոխանակում արեցին։ Մեղկ են ծնողները, 3 տարի ա չենք ապրում»,- ասաց կինը։

Հունան Թադևոսյան