Ինչով է հայտնի «Aquila Technics LLC» ընկերությունը, որին դատի է տվել ռուսական UTair Airlines-ը

Ինչով է հայտնի «Aquila Technics LLC» ընկերությունը, որին դատի է տվել ռուսական UTair Airlines-ը

Ռուսական UTair Airlines-ը դատարան է դիմել` հայկական Aquila Technics LLC ընկերությունից մոտ 175 մլն ռուբլի և ավելի քան 1,5 մլն դոլար գանձելու հայցով։ 2022 թվականի մայիսի 30-ին կնքվել է մատակարարման պայմանագիր և լրացուցիչ համաձայնագիր, որով փոխադրողը նախատեսում էր ձեռք բերել շարժիչները։ Հայկական «Aquila Technics LLC»-ն, Utair-ի պնդմամբ, դրանք չի մատակարարել և գումարը չի վերադարձրել։ 

MediaHub-ը պարզաբանելու համար փորձեց կապ հաստատել «Aquila Technics LLC»-ի հետ, որը, ըստ հրապարակման, տեղակայված է «Զվարթնոց» օդանավակայանում, բայց մեր զանգերին ընկերությունից այդպես էլ չպատասխանեցին։ 

Դիմելով Զվարթնոց միջազգային օդանավակայան, MediaHub-ը ուշագրավ պատասխան ստացավ, այն է՝ ընդհանրապես չեն լսել Aquila Technics LLC ընկերության մասին։

«UTair Airlines» ՓԲԸ-ն, հիշեցնենք, դիմել է Տյումենի արբիտրաժային դատարան՝ պահանջելով կալանք դնել «Aquila Technics» ՍՊԸ-ի դրամական և գույքի վրա՝ 174,669,731 ռուբլու և 1,539,000 ԱՄՆ դոլարի (145,096,920 ռուբլի) պահանջի չափով: «Հայցի պատճառն օդանավերի շարժիչների մատակարարման պայմանագրի չկատարումն է»,- ասվում է դատական փաստաթղթերում։ 

Իսկ ի՞ն ընկերության մասին է խոսքը:

Մենք պարզեցինք, որ այս ընկերությունն ունի աղմկահարույց անցյալ։ Մասնավորապես, ամիսներ առաջ Դատախազությունից հայտնել էին, որ ՀՀ-ում հաշվառված «AQUILA TECHNICS» ՍՊ ընկերության տնօրեն Կ.Ա.-ն 2018 թվականի դեկտեմբերի 28-ին պայմանագիր է կնքել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (այսուհետև՝ Կոմիտե) հետ՝ պարտավորվելով ապահովել N օդանավի թռիչքային պիտանելիության պահպանման և տեխնիկական սպասարկման աշխատանքները:

Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցված քրեական վարույթի շրջանակում պարզվել էր, որ 2021 թվականի մայիսին Կ.Ա.-ն, տեղեկացված լինելով օդանավի «THS Actuator» պահեստամասի՝ կոռոզիայի ենթարկված լինելու պատճառով փոխարինման անհրաժեշտության մասին և տեղյակ լինելով, որ այդ պահեստամասը կարող է ձեռք բերել անգլիական «Avtrade limited» ընկերությունից 200 հազար ԱՄՆ դոլարով, 2021 թվականի մայիսի 7-ի՝ բովանդակությամբ կեղծ գրությամբ Կոմիտեին առաջարկություն է ներկայացրել նշված պահեստամասի օգտագործված տարբերակը 310 հազար ԱՄՆ դոլարով գնել այդ պահին գոյություն չունեցող՝ կիպրական «Brightcom Aviation Ltd» ընկերությունից: Վերոնշյալ գործողությունների արդյունքում պարզվել է, որ ենթադրյալ հանցանքի հետևանքով պետությանը պատճառվել է 102 մլն 350 հազար 371 դրամի վնաս:

2022 թվականի դեկտեմբերի 23-ին նշված գումարն ամբողջությամբ փոխանցվել է Քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին: 

Այսպիսով, քրեական վարույթի նյութերի ուսումնասիրության արդյունքում, 2023 թվականի փետրվարի 13-ին հսկող դատախազի կողմից սեփական նախաձեռնությամբ որոշում է կայացվել Կ.Ա.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ արարքի կատարման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությամբ ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն) և ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով (իրավունք վերապահող փաստաթուղթ կեղծելը և օգտագործելը):

Շարունակելի...

Մարիաննա Արամյան