Կարևոր որոշում. կբացվի՞ Լաչինի միջանցքը

Արդարադատության միջազգային դատարանը հրապարակեց Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու Հայաստանի պահանջի մասին որոշումը:
Այսպիսով` դատարանը եզրակացնում է, որ Ադրբեջանը պարտավոր է իր՝ կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների համաձայն ձեռնարկել իրենից կախված բոլոր միջոցները, որպեսզի ապահովի անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղությամբ:
«Դատարանն արձանագրում է, որ Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և ՌԴ նախագահի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը նախատեսում է, որ Լաչինի միջանցքը պետք է ապահովի կապ՝ ԼՂ-ի և ՀՀ-ի միջև և պետք է մնա ՌԴ խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո: Հայտարարությամբ նաև նախատեսված է՝ Ադրբեջանը պարտավոր է երաշխավորել անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղությամբ: Սույն գործով հաշվի առնելով Հայաստանի կողմից հայցվող ժամանակավոր միջոցների բնույթը տվյալ գործի հանգամանքներում՝ դատարանը եզրակացնում է, որ կիրառվելիք միջոցները պարտադիր չէ, որ լինեն նույնը, ինչ հայցված միջոցները: Դատարանը եզրակացնում է, որ նախքան այս գործով վերջնական որոշման կայացումը Ադրբեջանը պարտավոր է իր՝ կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների համաձայն՝ ձեռնարկել իրենից կախված բոլոր միջոցները, որպեսզի ապահովի անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղությամբ»,- ասված է հայտարարության տեքստում:
Հաագայի դատարանի որոշումը իրավա- քաղաքական հարթության վրա, անշուշտ, կարևոր է:
Այն, մի կողմից, լեգիտիմացնում է 2020թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված ստատուս-քվոն, մյուս կողմից՝ Լաչինի միջանցքի խնդրի պատասխանատվությունը դնում է միջազգային հանրության վրա:
Մինչև հիմա Հայաստանի հասարակությունը պատասխանատվության հասցեատիրոջը փնտրել է բացառապես Մոսկվայում՝ ունենալով հիասթափության առիթներ:
Հիմա հասցեատերերը նաև արևմտյան մայրաքաղաքներում են:
Երբ որոշումը կարևոր է լինում, դա չի երաշխավորում դրա անխափան իրագործումը, մանավանդ, միջազգային իրավունքի, հարաբերությունների ճգնաժամի համատեքստում:
Ըստ այդմ, արձանագրենք, որ Հաագայի դատարանը երեկ կարևոր որոշում է կայացրել, որը, սակայն, ֆետիշացնել չի կարելի:
Վահրամ Բագրատյան