Փաշինյանի «խոստովանությունը»

Փաշինյանի «խոստովանությունը»

Երեկ ԱԺ- կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ ԵՄ դիտորդների այցի հետ կապված չկա աշխարհաքաղաքական որևէ ենթատեքստ. «Կա կոնկրետ օրակարգ, կա կոնկրետ հարց, որ փորձում ենք լուծել»։

Թվում էր՝ Փաշինյանը ողջամիտ մի բացատրություն է տվել, որով վերջապես փարատել է ներքաղաքական շահարկումները, ռուսական մտահոգությունները:

Բայց հետո Փաշինյանը հակասեց իրեն ու սկանդալային մի «բացահայտում» արեց.

«Մինչև ԵՄ-ի առաքելությունն Ադրբեջանն արևմտյան հարթակներում իր ագրեսիվ գործողություններն ընդդեմ Հայաստանի բացատրում էր նրանով, որ Հայաստանը, կոնկրետ՝ ՀՀ վարչապետը, ավելի ու ավելի շատ ռուսական զորքեր է բերում տեղակայում ՀՀ-Ադրբեջան սահմանին և պատրաստվում է հայ-ռուսական համատեղ, ագրեսիվ հարձակում Ադրբեջանի դեմ, և Ադրբեջանն իր ագրեսիվ հարձակումներով պարզապես փորձում է  շատ քիչ հավասարակշռել իրավիճակը՝ իր խոցելիությունը կառավարելու համար։ Ու այս գործընթացը շարունակվում է»։ 

Փաշինյանը նշել է․

«Բայց քանի որ Ռուսաստանի գործընկերները տեղում ունեին (ենթադրաբար նկատի ունի 2022թ․-ի վերջին Պրահայում քառակողմ հանդիպումը, քանի որ խոսքի սկիզբն այդ հանդիպման հիշատակումն էր պարունակում․-խմբ.) ներկայացուցիչներ, և արևմտյան գործընկերներն արդեն սկսել էին մեզ խեթ նայել, թե դուք հիմա իրականում պատրաստվում եք ագրեսիվ գործողություններ իրականացնել, որովհետեւ այնտեղ ռուսական, հայկական զորքերի մեծ կուտակումներ կան, որ պատրաստվում եք Ադրբեջանի վրա հարձակվել, խեղճ ադրբեջանցիներն էլ ստիպված բարձունքներ են ուզում գրավեն, որ հավասարակշռեն․․․ մենք ասացինք՝ շատ լավ, հասկանալով, որ շատ մեծ ռեսուրսներ ենք ծախսում դրա վրա, եկեք տեղում դիտարկեք ու տեսեք՝ այդ ամենն իրականությանը համապատասխանո՞ւմ է, թե ոչ»։

Ստացվում է՝ եվրոպական դիտորդները Հայաստանում են ոչ թե սահմանային անվտանգությունն ու կայունությունն ապահովելու, այլ այն բանի համար, որ Արևմուտքը մեզ չկասկածի կամ հնարավորություն ունենա վերահսկել ռուսական ուժերի տեղաշարժը:

Փաստորեն, Փաշինյանը հաստատում է պաշտոնական Մոսկվայի մտահոգությունը, որ Հայաստանը դարձրել է աշխարհաքաղաքական շահերի բախման կիզակետ:

Փաշինյանի այս սկանդալային հայտարարություններն, անկասկած, անվտանգային ու իմիջային նոր ռիսկեր են առաջացնելու Հայաստանի համար:
Վահրամ Բագրատյան