Պապիկյանը դառնում է «Վաղարշակ Հարությունյան»

Պապիկյանը դառնում է «Վաղարշակ Հարությունյան»

Այսօր առավոտյան ՀՀ ՊՆ-ն երկու գույժ հայտնեց՝ շատ կարճ ընդմիջմամբ։

Առաջին հաղորդագրությունը գուժում է, որ մարտի 16-ին՝ ժամը 21:10-ի սահմաններում, ՀՀ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանի (ծնվ. 2002թ) դին՝ ծնոտի շրջանում հրազենային վիրավորմամբ: Ըստ ՊՆ երկրորդ հաղորդագրության՝ մարտի 17-ին, ժամը 10:30-ի սահմաններում, հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N  զորամասի տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Ռազմիկի Ռուստամյանի ( ծնվ. 2003 թ.) դին` հրազենային վիրավորմամբ:

Սոցիալական ցանցերում անմիջապես լուրեր տարածվեցին, թե այս ամենը հետևանք է ադրբեջանական ագրեսիայի, սակայն ՊՆ-ն կատեգորիկ կերպով հերքեց այս լուրերը։ «Սոցիալական ցանցերով և տարբեր լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունը, թե մարտի 16-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սադրանք են իրականացրել հայ-ադրբեջանական սահմանին, ինչի հետևանքով հայկական կողմից մեկ զինծառայող զոհվել է, ևս մեկը վիրավորվել, չի համապատասխանում իրականությանը»,- ասված է պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

Եվ այսպես՝ կարող ենք անել երկու պնդում։
Առաջին վարկածն այն է, որ ՊՆ-ն ստում է՝ «խաղաղասիրական» նպատակներով։ Եթե այս վարկածը ճիշտ է, ապա գործ ունենք ադրբեջանական ագրեսիայի հետ, որը քողարկվում է պաշտոնական Երևանի կողմից։ Սակայն ավելի հավանական ենք համարում երկրորդ վարկածը։
ԶՈւ-ում ոչ կանոնադրական հարաբերությունները, քրեական բարքերը հասել են կուլմինացիային ու այս զոհերը դրա հետևանքն են։
Այս պարագայում հարց է առաջանում, թե ինչո՞վ է զբաղված Սուրեն Պապիկյանը։ Արդյո՞ք նա ՊՆ նախարար է նշանակվել ընդամենն այն նպատակով, որպեսզի ԶՈւ-ում «զտումներ» իրականացնի՝ իշխանության համար անցանկալի սպաներից ամեն գնով ազատվելու համար։
Նման միջադեպերի համար հասարակությունն իրավունք ունի՝ պահանջել ՊՆ նախարարի հրաժարականը, մանավանդ, որ բանակում գրեթե բացակայում են բարեփոխումները։

Ի դեպ, գնալով Սուրեն Պապիկյանը նվանվում է նախկին ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանին, որի միակ առաքելությունը Նիկոլ Փաշինյանին «ծառայելն» էր։
Եթե հիշում եք, հենց Հարությունյանի բանավոր հրամանով էին մեր ստորաբաժանումները հետ քաշվել Սյունիքում։ Նույն ձեռագիրն է որդեգրել Սուրեն Պապիկյանը։ Թշնամին Ներքին Հանդում առաջանում է, իսկ ՊՆ-ն պնդում է, թե ադրբեջանցիները շարժեր են անում իրենց տարածքում։
Տեսնես՝ ե՞րբ է գալու Պապիկյանին դեսպան նշանակելու ժամանակը։

Վահրամ Բագրատյան