Դատարանի «բեսպրեդելը»

Դատարանի «բեսպրեդելը»
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի գործով դատավարությունը։ Ամբաստանյալներից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդեց դատարանին թույլ տալ պաշտպանյալին ապրիլի 6-ից մինչև 9-ը ընկած ժամանակահատվածում բացակայել երկրից և մեկնել Հռոմ՝ մասնակցելու ԵԽԽՎ առողջապահական և սոցիալական հարցերի հանձնաժողովի երեխաների հարցերի ենթահանձնաժողովի նիստին։ Ըստ նրա, հիբրիդային մասնակցություն այս դեպքում նախատեսված չէ, և Գևորգյանը չի կարող հեռավար մասնակցել։
Դատավոր Դանիբեկյանը մերժեց միջնորդությունը՝ թույլ չտալով Գևորգյանին մեկնել Հռոմ։
Դատավորի այս վարքագիծը, որը խրոնիկ դրսևորում ունի, որևէ աղերս չունի արդարադատության հետ ու քաղաքական իշխանության ուղղակի հրահանգի հետևանք է։
Դատավարությունը, որպես կանոն, միտումնավոր նշանակվում է ԱԺ նիստերի օրերին, ըստ էության՝ խոչընդոտելով Գևորգյանի պատգամավորական գործունեությանը։ Ստեղծվում է մի իրավիճակ, որ կամ Գևորգյանը պետք է դրսևորի ոչ բարեխիղճ ամբաստանյալի վարքագիծ՝ իր պատգամավորական գործունեությունը հավուր պատշաճի կատարելու համար, կամ էլ՝ պետք է պարտաճանաչ ներկայանա դատարան՝ արհամարհելով այն հազարավոր քաղաքացիների քվեները, որոնք նրան օժտել են պատգամավորական մանդատով։
Կամ՝ ի՞նչ անուն տաս այն երևույթին, երբ դատավորը կամայականորեն խոչընդոտում է պատգամավորի գործունեությունը՝ սահմանափակելով նրա օտարերկրյա այցերը, մանավանդ, որ Գևորգյանը ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ է, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ։
Իշխանությունը քաղաքական պատվեր է տալիս տխրահռչակ դատավորին՝ անտեսելով ակնհայտ այն փաստը, որ նսեմացվում է ոչ այնքան Արմեն Գևորգյանի, որքան՝ առաջնային մանդատ ունեցող խորհրդարանի հեղինակությունը։
Վահրամ Բագրատյան