Փաշինյանը հանձնեց՝ զրոյի դիմաց 

Փաշինյանը հանձնեց՝ զրոյի դիմաց 

Հայաստանը համաձայնել է «վերադարձնել» Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերը՝ դրա դիմաց չստանալով Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքները, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են։ Իսկ Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածն այս փուլում չի սահմանազատվի, այսինքն՝ կմնա հայկական վերահսկողության տակ։

Երևանն ու Բաքուն սահմանազատման հանձնաժողովների՝ օրերս կայացած նիստում նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, ինչպես նշում են հաղորդագրությունում՝ ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:

Եթե համաձայն այս պայմանավորվածության՝ հայկական կողմը «վերադարձնում է» Ադրբեջանի պահանջած չորս գյուղերը, ընդամենը ստանում է «անվտանգային ռիսկերի նվազեցում» (վարչապետի աշխատակազմի հաղորդագրության ձևակերպումն է):

Այլ խոսքով, Փաշինյանը գնում է կոնկրետ զիջումների՝ վերացական խոստումների ու «անվտանգային ռիսկերի նվազեցման» դիմաց: Այսինքն՝ Հայաստանը փլուզում է իր ամենաամուր պաշտպանական դիրքերը ոչ թե խաղաղության ինստիտուցիոնալ երաշխիքների դիմաց, այլ՝ ընդամենը ռիսկերի նվազեցման:

Իհարկե, այստեղ էլ գոյություն ունի պոպուլիզմ. հնարավոր չէ պաշտպանական կարողությունները թուլացնել ու դա ներկայացնել որպես «անվտանգային ռիսկերի նվազեցում»:

Մյուս կողմից, ինչպե՞ս է պատահում, որ սահմանագծի մի հատվածում սահմանազատում է իրականացվում մինչև մայիսի 15-ը, սակայն այն իրականացնող հանձնաժողովների կանոնակարգը հաստատվելու է միայն հուլիսին:

Հայաստանի Հանրապետության պետական սահմանը որոշվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենքով: «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքով է սահմանվում այս դրույթը, հետևաբար Հայաստանի և Ադրբեջանի՝ սահմանազատման հարցերով հանձնաժողովների վերջին նիստի որոշումները լեգիտիմ չեն:

Վահրամ Բագրատյան