Էսկալացիայի նոր մակարդակ. աշխարհը՝ միջուկային պատերազմի շեմի՞ն...

ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո թվում էր՝ ուկրաինական պատերազմի հանգուցալուծումը մոտ է: Համենայն դեպս, Թրամփի նախընտրական և հետընտրական հռետորաբանությունը այս պատերազմի ավարտի, հակամարտության խաղաղ կարգավորման մասին էր:
Բայց օրեր առաջ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Նիքոլսը պաշտոնապես հաստատեց, որ Բայդենը թույլատրել է Ուկրաինային հեռահար հրթիռային հարվածներ հասցնել ՌԴ-ի խորքերին։
Ըստ նրա` դա կստիպի ՌԴ-ին հակվել բանակցությունների։
Դժվար է ասել՝ այս քայլով Բայդենը փորձե՞լ է կաշկանդել Թրամփին, թե՞ սա ամերիկյան էլիտայի կոնսոլիդացված որոշումն է՝ ՌԴ-ին բանակցությունների հակելու համար:
Ինչևէ, առաջին հարվածները Ռուսաստանին հասցված են, ինչին հետևեց Պուտինի կողմից միջուկային նոր դոկտրինի հաստատումը, յոթ րոպեանոց ուղերձը և վերջապես՝ Ռուսաստանն առաջին անգամ հաջող փորձարկել է միջին հեռահարության բալիստիկ հրթիռ, որն ստացել է «Орешник» անունը։ «Орешник»-ի օգտագործումը պատասխան է ՌԴ նկատմամբ ՆԱՏՕ-ի երկրների ագրեսիվ գործողությունների։ Խոցվել է Դնեպրոպետրովսկում գտնվող ռազմաարդյունաբերական գործարան:
Աշխարհը կանգնած է միջուկային պատերազմի շեմին:
Չնայած դրա հավանականության մասին խոսակցությունները չափազանցված են: Ավելի հավանական է թվում այն վարկածը, որ Վաշինգտոնն ու Մոսկվան մեծացնում են խաղադրույքները՝ դժվար բանակցություններից առաջ իրենց դիրքերն ամրացնելու նպատակով:
Սուրեն Սուրենյանց