Ի՞նչ է լինելու հունվարի 1-ից հետո․ արդյո՞ք կլուծարվի Արցախի Հանրապետությունը

Ի՞նչ է լինելու հունվարի 1-ից հետո․ արդյո՞ք կլուծարվի Արցախի Հանրապետությունը

«Հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ» նախադասությունը հայկական մամուլում սկսեց շրջանառվել սեպտեմբերի 28-ից։ Ի՞նչ է լինելու հունվարի 1-ից հետո, արդյո՞ք հարցը հանվելու է օրակարգից և վերջապես, անձը կարող է միանձնյա որոշում կայացնել և դադարեցնել հանրապետության գործունեությունը։ MediaHub-ի հարցերին պատասխանել է արցախցի քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը։ 

«Նախ եկեք հասկանանք, ի՞նչ է նշանակում լուծարել Արցախի Հանրապետությունը։ Եթե մենք նկատի ունենք փաստացի, ապա փաստացի այն որպես հայկական պետություն, գոյություն չունի, քանի դեռ գտնվում է ադրբեջանական ամբողջական վերահսկողության ներքո։ Սա փաստացի։ Իսկ իրավական առումով բարդ է քաղաքական գնահատականներ տալ, միջազգային իրավունքի մասնագետները պետք է փորձեն հարցին պատասխանել։ Սա էլ բարդ է։ Արցախը միջազգային իրավունքի լիարժեք սուբյեկտ երբեք չի եղել, քանի որ որևէ երկրի կամ միջազգային իրավունքի այլ սուբյեկտի՝ այդ թվում ՀՀ կողմից ճանաչված չէ»,- ասաց քաղաքագետը։ 

Նա նաև հավելեց, որ ընդհանուր առմամբ, ժողովրդի կողմից ձևավորված, հանրաքվեի միջոցով կազմավորված հանրապետությունը պետք է նույն տրամաբանությամբ էլ հանգուցալուծվի։ Այսինքն, եթե որոշում է՝ բեկանվի, պետության դեպքում՝ կազմալուծվի։

«Ես հակված եմ մտածել, որ մեկ հոգին չի կարող իր ստորագրությամբ լուծարել համաժողովրդական որոշման արդյունքում ձևավորված ինստիտուտը, մանավանդ, որ այդ մեկ հոգին ժողովրդի կողմից ըտրված նախագահ չէ։ Անձի մասին չէ խոսքը, այլ երևույթի»,- ընդգծեց Ազիզյանը։

Արցախցի քաղաքագետը ստեղծված իրավիճակում կողմ չէ Արցախի պետական ինստիտուտների գործունեությանը, այն որակելով հակասական։ Այն առումով, որ որևէ ֆունկցիա կամ գործունեություն հնարավոր չէ իրականացնել այլ միջազգային իրավունքի սուբյեկտի տարածքում, քանի որ ՀՀ-ն Արցախի համար այլ միջազգային իրավունքի սուբյեկտ է հանդիսանում։ 

Թեպետ Արցախը 2023 թվականի սեպտեմբերյան դեպքերից հետո հայտնվել է ադրբեջանական ամբողջական վերահսկողության տակ, Արցախի թեման շարունակելու է մնալ օրակարգում։

Կարճաժամկետ հեռանկարում իրատեսական չէ վերադարձը, բայց Ազիզյանի խոսքով՝ «պատմությունը միշտ հնարավորություն տալիս է, պիտի ժամանակը ճիշտ օգտագործենք»։ 
MediaHub-ն այս հարցերի շուրջ խոսել է նաև ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության շենքում տեղակայաված և մինչև հունվարի 1-ը գործառույթ իրականացնող պետական ինստիտուտներից մեկի ներկայացուցչի հետ։

Մեր աղբյուրը փոխանցեց, որ ինչ կարգավիճակում որ կա Արցախի Հանրապետությունը այսօրվա դրությամբ, շարունակելու է լինել նաև հունվարի 1-ից հետո։ Այսինքն՝ Արցախի հարցը չի փակվելու, օրակարգից դուրս չի մղվելու։ 

«Ոչ ոք իրավասու չէ մեկ փաստաթուղթ ստորագրելով լուծարել Արցախի Հանրապետությունը։ Այն, ինչ ձեռք է բերվել համաժողովրդական հանրաքվեով, որպես փաստ, չի կարող լուծարվել։ Այնպես որ կարգավիճակ չի փոխվելու։ Այս մասին հոկտեմբերի 20-ին հայտարարել է նաև նախագահ Սամվել Շահրամանյանը»,- ասաց նա։

Հունան Թադևոսյան