«Դիրքային մարտեր»՝ ԱԺ-ում

Այս շաբաթ ԱԺ-ում հերթական Քառօրյան է։ Բայց խորհրդարանի առաջիկա նիստերը դժվար է ստանդարտ համարելը, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Արցախի շուրջ իրադրությունը կրկին սրվել է՝ Ադրբեջանի հայտնի հինգ առաջարկությունների համատեքստում։ Մյուս կողմից, անցած շաբաթվա ընթացքում լուրեր տարածվեցին, որ Կապանի հատվածում՝ Ներքին Հանդում, թշնամին շուրջ մեկ կիլոմետր առաջ է եկել դեպի Հայաստանի սուվերեն տարածք ու գյուղի տարածքում հայտնվել են ադրբեջանական զինվորականների մի քանի վրաններ։
Պակաս կարևոր չէ նաև այլ հրատապ հարցեր, որոնք գտնվում են հանրության համակ ուշադրության կենտրոնում։
Բանակում ոչ կանոնադրային հարաբերությունները դարձյալ մարդկային զոհերի, ողբերգական միջադեպերի պատճառ են դառնում։ ՊՆ բացատրությունները, մեղմ ասած, համոզիչ չեն ու ընդամենը վկայում են այն մասին, որ ԶՈւ-ում ոչ մի լուրջ բարեփոխում էլ տեղի չի ունենում։
Ռուս- ուկրաինական պատերազմը հարուցում է հետևանքներ, Հայաստանի մասով՝ առավելապես տնտեսական։ ԿԲ-ն ստիպված եղավ վերանայել տնտեսության ընթացիկ տարվա զարգացման իր կանխատեսումը՝ 5,3 տոկոսից իջեցնելով 1,6-ի։
Եթե անգամ պաշտոնական մակարդակում նման հոռետեսական գնահատականներ են հնչում, ակնհայտ է՝ այս տարի Հայաստանի տնտեսությունն անկում է ապրելու, մանավանդ, որ գլոբալ հակադրությունը նոր դրսևորումներ է ստանում ու ամենևին էլ տեսանելի չէ անտագոնիստական հարաբերությունների վերջը։
Սրանք հարցեր են, որոնք, անշուշտ, ընդդիմության կողմից բարձրացվելու են առաջիկա օրերին։ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները նախաձեռնել են ԱԺ հրատապ նիստ՝ Արցախի հարցով ու իշխանությունը շանս ունի կառուցողական քննարկում կազմակերպել, եթե, իհարկե, նրա նպատակը արտաքին անվտանգային մարտահրավերների դեմ քաղաքական, հանրային կոնսոլիդացիա ապահովելն է։ Բայց ավելորդ լավատեսությամբ չապրենք, որովհետև իշխանությունը շարունակում է ապրել «ինչ պետք է՝ բանակցում» ենք խոտոր բանաձևով։
ԱԺ- կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատշաճ կլիներ, որպեսզի կաբինետի անդամները հանգամանալից խոսեին հակաճգնաժամային քաղաքականության, հասարակության խոցելի խմբերի համար համար նախատեսված սոցիալական ծրագրերի մասին։
Բայց կառուցողական մասնագիտական քննարկում դժվար է ակնկալել, որովհետև կառավարությունը, գործող ճգնաժամի պարագայում անգամ բյուջեի ծախսային մասը վերանայելու ուղղությամբ քայլեր չի արել։ Հետևաբար՝ ենթադրելի է, որ ընդդիմությանը օբյեկտիվ մտահոգություններին պատասխանելու են «մատ թափ տալու» վուլգարային ժարգոնով։ Մի խոսքով՝ ԱԺ-ում «դիրքային մարտեր» են սպասվում։
Վահրամ Բագրատյան