Ընդդիմություն չունենք. պետք է գերազմանաքար դնել ու գրել՝ այստեղ հանգչում է ընդդիմությունը. Զոհրաբյան

Երեկ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել, որում բավականին ուշագրավ հայտարարություններ է արել։ Օրինակ՝ «պատրաստ ենք բացել մեր ճանապարհները Ադրբեջանի և Թուրքիայի համար», որ «ռուս խաղաղապահները Հայաստանում մնալու իրավական հիմք չունեն և չի կարող լինել» և այլն:
Ինչպե՞ս է քաղաքական դաշտն արձագանքում հերթական այս շեդևրալ հարցազրույցին:
Դարակազմիկ ստեր ու մանիպուլյացիա անողը կարող է Արցախը հանձնի ու հրաժարական չտա․ այս մասին MediaHub-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Նիկոլ Փաշինյանը ունիկալ մարդ է՝ մանիպուլյացիա անող, կռուտիտի դարակազմիկ երևույթ։ Նիկոլը պատմության մեջ պտի մնա որպես քաղաքական կռուտիտի Նոբելի մրցանակակիր։ Լրագրողը հարց է տալիս, իսկ ինքը շեղվում է՝ դարակզմիկ ստեր, դարակազմիկ կռուտիտներ… հարցից կարող է փախնել միայն այն մարդը, որը Արցախը հանձնի ու հրաժարական չտա, ով Հայաստանի սուվերեն տարածքում հանդուրժի ադրբեջաննական զինուժի ներկայությունը երեք տարի և ասի, որ ժողովուրդը տվել է ինձ մանդատ Հայաստանն ու Արցախը հանձնելու»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Ըստ Զոհրաբյանի, նման երևույթ չկա, որը կարող է մի ժամ առաջ խոսի Արցախի ինքնորոշման՝ «Անջատում հանուն փրկության» բանաձևի մասին, իսկ հետո ասի, որ ի սկզբանե Արցախը եղել է Ադրբեջանի կազմում։ Նախկին պատգամավորը շեշտեց՝ մենք կանգնած ենք պետականության կորստի շեմին, բայց եթե մեզ հաջողվի մեր պետականությունը պահպանել, ապա հոգեբաններն ու մարդաբանները պետք է զբաղվեն այս մարդու բարոյահոգեբանական կենսաբանական ուսումնասիրությամբ։
«Ինչպես կարելի է չհարգել սեփական երկիրը, սեփական ժողովրդին, որ ասել՝ պատերազմից խուսափելու համար պետք է Ադրբեջանի բոլոր պահանջներին համաձայնվել։ Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջն էլ այս տարածաշրջանում Հայաստան պետության չգոյությունն է, որը Նիկոլ Փաշինյանը ֆանտաստիկ իրականացնում է։ Գրանադայի հանդիպումից հետո նրա ենթականերից մեկը ՝ Արայիկ Հարությունյանը գրել էր, որ չվախենաք, հաղթել ենք, անկլավների ու միջանցքի մասին խոսակցություն չկա. սա լկտի ու անամոթ սուտ է։ Մենք հիմա Նիկոլ Փաշինյանի հարցազրույցից հետո փորձում ենք վերլուծել, մեկնաբանել ու տրամաբանություն գտնել մի մարդու խոսույթի ձևակերպումների մեջ, որի նախադասության սկիզբը հակասում է նախադասության ավարտին»,- հայտնեց Նաիրա Զոհրաբյանը։
Ինչ վերաբերվում է միջանցքին, ապա, ըստ Զոհրաբյանի, Թուրքիայի ԱԳ նախարարը, պաշտպանության նախարարը և նաև Ադրբեջանը քանիցս հայտարարել են, որ պայմանվորվածություն կա Զանգեզուրի միջանցքի հարցով Նիկոլ Փաշինյանի հետ։ Իսկ Հայաստանի տարածքով միջանցք տալը նշանակում է ավարտին հասցնել Հայաստանի պետականությունը.
«Մենք չունենք ընդդիմություն, այն նահատակված է, որի վրա պետք է գերազմանաքար դնել ու գրել՝ այստեղ հանգչում է ընդդիմությունը։ Եվ այս պայմաններում Նիկոլ Փաշինյանը շարունակում է իրականացնել այն առաքելությունը, որի համար բերվել է իշխանության»,- հավելեց Նաիրա Զոհրաբյանը։
Մարիաննա Արամյան