Արդարությունը պահանջում է դատապարտել Ադրբեջանին, կանխել, որ նման հանցագործությունները չկրկնվեն 

Արդարությունը պահանջում է դատապարտել Ադրբեջանին, կանխել, որ նման հանցագործությունները չկրկնվեն 

«Ադրբեջանում պահվող հայ գերիների և կալանավորված անձանց անօրինական դատավարությունների ընթացքը և նրանց նկատմամբ վերաբերմունքը կոպտորեն խախտում են ինչպես միջազգային մարդասիրական իրավունքի (ՄՄԻ), այնպես էլ մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները»,- համոզված է կանադահայ վերլուծաբան ու հասարակական գործիչ Հովհաննես Այնթափլեանը։ 

Մասնագիտությամբ իրավաբանը միջազգային իրավական նորմերի և սկզբունքների լույսի ներքո՝ MediaHub-ին ներկայացնում է Բաքվում կատարվող ապօրինի իրադարձությունները։

Միջազգային մարդասիրական իրավունքը, մասնավորապես 1949 թ. Ժնևի 3-րդ կոնվենցիան, պարտավորեցնում է հակամարտող կողմերին պատշաճ վերաբերմունք ցուցաբերել ռազմագերիների նկատմամբ, արգելում է նրանց նկատմամբ խտրական վերաբերմունքը, ֆիզիկական կամ հոգեբանական ճնշումները, ինչպես նաև ապօրինի դատավարությունները։ 

«Ադրբեջանը, սակայն, շարունակաբար խախտում է այս կոնվենցիայի պահանջները՝ հրաժարվելով ազատ արձակել հայ ռազմագերիներին զինված հակամարտության ավարտից հետո (կոնվենցիայի 118-րդ հոդված), նրանց ներկայացնելով որպես «ահաբեկիչներ» և «դիվերսանտներ», ինչն ակնհայտորեն հակասում է ռազմագերիների պաշտպանության սկզբունքներին, չապահովելով անկախ և արդար դատաքննություն՝ հակասելով Ժնևի երրորդ կոնվենցիայի 82-88-րդ հոդվածներին»,- մեջբերում է մեր զրուցակիցը։ 

Այնթափլեանը նշում է, որ խոշտանգումների արգելքը և Մարդու իրավունքների խախտումները ՄԱԿ-ի խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի համաձայն՝ ցանկացած պետություն պարտավոր է արգելել, կանխել և պատժել խոշտանգումները։ Այնուամենայնիվ, առկա բազմաթիվ վկայությունները և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային գործերը փաստում են, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները ենթարկվում են ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումների, վիրավորանքների, նվաստացման, մարդու արժանապատվությունը վիրավորող վերաբերմունքի։

«Ադրբեջանի նման գործողությունները խախտում են նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) 3-րդ հոդվածը, որը բացարձակ արգելում է խոշտանգումները։ Անարդար դատավարությունների խնդիրն Ադրբեջանում հայ ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց նկատմամբ իրականացվող դատավարությունները չեն համապատասխանում արդար դատաքննության իրավունքի միջազգային չափանիշներին, որոնք սահմանված են՝ ՄԻԵԿ-ի 6-րդ հոդվածում՝ յուրաքանչյուրին իրավունք ունենալ անկախ, անկողմնակալ դատարանի առջև արդար դատաքննության, քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի, Ժնևի երրորդ կոնվենցիայի»։ 

Կանադայի դիվանագիտական կորպուսն էլ տեղյակ է, որ Ադրբեջանի դատարանները գործում են քաղաքական նպատակներով և չեն ապահովում համապատասխան դատական պաշտպանություն։

Ավելին, ռազմագերիների նկատմամբ ներկայացվող մեղադրանքները կամայական են, և դատավճիռները կայացվում են առանց համարժեք իրավական հիմնավորման։ 

«Ադրբեջանի գործողությունները չեն համապատասխանում ոչ միայն կոնվենցիոն պարտավորություններին, այլև ՄԱԿ-ի Կանոնադրության, ԵԱՀԿ-ի և Եվրոպայի խորհրդի շրջանակներում ստանձնած պարտավորություններին։ Նման խախտումները միջազգային իրավական պատասխանատվություն են առաջացնում, ինչը ենթադրում է Ադրբեջանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների և քաղաքական ճնշումների կիրառում, Միջազգային քրեական դատարանի (ICC) և ՄԻԵԴ-ի կողմից իրավական գործերի հարուցում, հայ գերիների անհապաղ ազատ արձակման պահանջներ միջազգային հանրության կողմից։ Եզրափակելով` նշեմ, որ Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պահվող անձանց նկատմամբ իրականացվող ապօրինի դատավարությունները և խոշտանգումները միջազգային իրավունքի կոպիտ խախտումներ են։

Անհրաժեշտ է, որ միջազգային կառույցները, մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունները և պետությունները համատեղ ուժերով պահանջեն ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը, անկախ միջազգային հանձնաժողովի կողմից խախտումների ուսումնասիրություն, Ադրբեջանի նկատմամբ իրավական և դիվանագիտական պատժամիջոցների կիրառում։ Արդարությունը պահանջում է ոչ միայն դատապարտել այս գործողությունները, այլև ապահովել, որ նման հանցագործությունները չկրկնվեն ապագայում»,- հավելեց վերլուծաբանը։

Հունան Թադևոսյան