Իշխանություն-Եկեղեցի հակադրություն. քաղաքական համապարփակ ճգնաժամ 

Իշխանություն-Եկեղեցի հակադրություն. քաղաքական համապարփակ ճգնաժամ 

Այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից սպառնաց «1-2 ամսում լուծել եկեղեցու խնդիրը», իսկ նրա թիմակիցները բացահայտ գրոհի են անցել Մայր Աթոռի դեմ՝ նրան սպառնալով հարկային քաղաքականությամբ, երեկ երեկոյան հայտարարություն է տարածել հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողովը։

«Առավել քան զարմանալի է, որ մերկապարանոց մեղադրանքներ են հնչեցվում Եկեղեցու կողմից հարկեր չվճարելու առնչությամբ, երբ պաշտոնական վիճակագրությունները ուղղակի փաստում են ՀՀ օրենքով սահմանված հարկային պարտավորությունների կատարման մասին։ Հատկապես դատապարտելի է, երբ կառավարության ղեկավարը անհիմն մեղսագրումներով և անսքող դիտավորությամբ Հայ Եկեղեցուն ամբաստանում է ինչպես անցյալում, այնպես և այսօր «ազդեցության գործակալ» լինելու մեջ»,- ասված է տարածված հայտարարության տեքստում:

«Հարկ է, որ ՀՀ իշխանության ներկայացուցիչները ազգի և հայրենիքի առջև իրենց պատասխանատվության գիտակցությամբ անդրադառնան Եկեղեցու պատմական հայրենաշեն ու ազգապահպան դերակատարությանը, ինչն ամրագրված է նաև ՀՀ Սահմանադրությամբ, և վերատեսության ենթարկեն որդեգրած քաղաքականությունը»,- որպես պահանջ հնչեցնում է հայտարարությունը:

Այսպիսով, իշխանությունը սպառնաց Եկեղեցուն, վերջինս ընդունեց մարտահրավերը:

Հայաստանում ստեղծվել է համապարփակ քաղաքական ճգնաժամ, որն ունի մի քանի առանձնահատկություններ:

Առաջին, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կորցրել է հասարակության մեծամասնության աջակցությունը և դարձել է երկրի կայունությունը խաթարող գլխավոր գործոն: Դրա լավագույն ապացույցը մայիսի 9-ի բազմամարդ հանրահավաքն էր:

Երկրորդ, իշխանությունն ամբողջովին կորցրել է իր քաղաքական և բարոյական նկարագիրը՝ վերջնականապես խզելով իր կապը 2018-ի կարգախոսների հետ: Նիկոլ Փաշինյանի «դաշնակիցը» դարձել են ոստիկանական վահանները և ռեպրեսիաները:

Երրորդ, հասարակության տրամադրությունների տրանսլյատորը դարձել են Եկեղեցին կամ նրա երևելի Սրբազաններից մեկը:

Ստեղծված իրավիճակում խիստ անհրաժեշտ են դարձել քաղաքական լուծումները, որոնք, մեծ հաշվով, Փաշինյանի հեռացման մասին են: Հակառակ պարագայում, երկիրը կարող է ներքաշվել ցնցումների և տուրբուլենտության փուլ:

Վահրամ Բագրատյան