Ապրում ենք պատերազմից պատերազմ ժամանակահատվածում. ի՞նչ սպասել «3+3» ձևաչափի հանդիպումից

Առաջիկայում Իրանում «3+3» (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Իրան, Ռուսաստան, Թուրքիա) ձևաչափով արտգործնախարարների մակարդակով հանդիպում կանցկացվի։ Այս լուրը երեկ տարածել էին ադրբեջանական լրատվամիջոցները։
Թե ի՞նչ արդյունք կտա այդ հանդիպումը Հայաստանի համար հարցի շուրջ MediaHub-ը զրուցեց վրացագետ Ջոնի Մելիքյանի հետ։
«Ոչ միայն ադրբեջանական աղբյուրներն են խոսում «3+3» ձևաչափի սպասվող հանդիպման մասին, այլ քննարկումներ կան, և այդ հանդիպումը շատ հնարավոր է Թեհրանում տեղի կունենա։ Թե ինչի կգան այդ ֆորմատում, մանավանդ, որ սպեցիֆիկ և սահմանափակ ֆորմատ է, ասելը բարդ է, բնականաբար տարածաշրջանային հարցեր կքննարկվեն։ Ավելի շատ ընդհանուր թեմաների շուրջ կլինի հանդիպումը, ընդհանուր մոտեցումների հայտարարության մասին։ Եվ, իմ կարծիքով, հայ-ադրբեջանական հարաբերություններն այդքան քննարկված չեն լինի»,- ասաց Մելիքյանը։
Ըստ փորձագետի, Վրաստանի մասնակցությունը «3+3» ձևաչափում, իրենց ղեկավարի կառավարության վերջին թեզերի ու հայտարարությունների համաձայն, հնարավոր է, Ալիևի հետ հանդիպման արդյունքներով համատեղ ճեպազրույցի ժամանակ հուշում կար, որ փոփոխություններ իրենց դիրքորոշման մեջ կարող են լինել և Վրաստանը ինչ-որ մի ձև կմասնակցի «3+3» ձևաչափում։
«Մեր կողմը շատ շահագրգռված չէ, քանի որ հայ հարթակներում եղած պայմանավորվածություններն ու օրակարգը չեն տեղափոխվի 3+3 ձևաչափ։ Հայաստանը գուցե ինչ-որ հարցեր բարձրացնի, բայց դիվանագիտությունը հստակ արձագանքել է, որ եղած պայմանավորվածությունները, որոնք առնվազն գոյություն ունեն, օրինակ, բրյուսելյան հարթակում, չեն շարունակվելու քննարկվել այլ հարթակներում։
Իսկ թե Ադրբեջանը ի՞նչ կնախաձեռնի՝ դա ուրիշ հարց է։ Էական փոփոխություններ չեն լինի, որովհետև այսպիսի լայն ֆորմատի քննարկումները համապատասխան են պոստկոնֆլիկտային շրջանների, իսկ մենք այժմ ապրում ենք պատերազմից մինչև պատերազմ ժամանակահատվածում»,- եզրափակեց Մելիքյանը։
Հիշեցնենք, որ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանն ասել էր, որ Կովկասում գործընթացները կարող են լուծվել տարածաշրջանի տեղական դերակատարների և հարևանների մասնակցությամբ` ընդգծելով, որ «3+3» ձևաչափը տարածաշրջանային խնդիրների լուծման արդյունավետ մեխանիզմ է։
Մարիաննա Արամյան