Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատողներին կփոխարինեն միգրանտներո՞վ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի շուրջ մեծ աղմուկ է բարձրացել. ավելի քան 700 աշխատողներ մի քանի օր բողոքում են և գործադուլ անում՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում: Մասնավորապես, նրանք պահանջում են աշխատավարձի բարձրացում 50%-ով։
Կոմբինատից հայտնել էին, որ կարող են ապահովել միայն 20 տոկոս բարձրացում, սակայն աշխատողները նշել էին, որ դա իրենք բավարար չեն համարում։
MediaHub-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, մեզ փոխանցեցին, որ բոյկոտի ժամանակ կոմբինատի աշխատակիցները տեղեկացել են, որ նրանց, հնարավոր է, փոխարինեն միգրանտներով, ասել է թե՝ եթե տեղացիները չեն ցանկանում աշխատել առկա աշխատավարձով, ապա նրանց կփոխարինեն միգրանտներով՝ էժան աշխատուժով։ Թե միգրանտներն ի՞նչ պետք է անեն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, դա արդեն երկրորդական հարց է։
«Խոսակցություններ կան, որ ցանկանում են աշխատողներին, ովքեր համաձայն չեն այս աշխատավարձով աշխատել, փոխարինել միգրանտներով։ Իրենք երևի մտածում են, որ կարող են միգրանտներն աշխատել այնպես, ինչպես տեղացիները, մի հատ էլ էժան աշխատուժ է, բայց դա այդպես չէ, միգրանտը չի կարողանա աշխատել այստեղ, անել այն աշխատանքը, ինչ անում է ԶՊՄԿ–ի աշխատողը»,– ասաց մեզ ահազանգած քաղաքացին։
Վերջին զարգացումներին զուգահեռ ԶՊՄԿ–ն հրապարակել է գործադուլ անող աշխատակիցների աշխատավարձերը, սակայն սա էլ է հարուցել աշխատակիցների դժգոհությունը:
«Եթե մեր աշխատավարձերը տեղադրում են, ապա թող պետերի աշխատավարձերն էլ տեղադրեն»,- փոխանցեց մեր զրուցակիցը՝ նշելով, որ բոյկոտը շարունակվում է։
Մարիաննա Արամյան