Փաշինյանն արագ մոռացավ «Ագորրան»

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, խորհրդարանական վերջին հարցուպատասխանի ժամանակ, չէր բացառել, որ ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը կարող է դրվել հանրաքվեի։ Համենայն դեպս, պատգամավոր Աղվան Վարդանյանի հարցին՝ հնարավո՞ր է մտածել փաստաթուղթը հանրաքվեի դնելու մասին, Միրզոյանը պատասխանել էր. «Հարցն ինձ համար նոր է, բացառել չեմ կարող, կախված է բազմաթիվ հանգամանքներից»։ Այդ պատասխանն ակնհայտորեն դուր չէր եկել նիստերի դահլիճում ներկա Նիկոլ Փաշինյանին, որն անմիջապես ինչ-որ բան հուշեց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին, որը մեկ այլ պատգամավորի միանգամայն այլ հարցի պատասխանելիս՝ բառացիորեն ասել է․ «Հանրաքվե անելու ընթացակարգ չունենք՝ միջազգային որևէ պայմանագրի հետ կապված»:
Խնդիրն այն չէ, թե միջազգային պայմանագրերի վավերացման ինչ ընթացակարգ է գործում Հայաստանում ու միանգամայն հավանական ենք համարում, որ ֆորմալ առումով՝ Կարեն Անդրեասյանը ճիշտ ու հստակ պատասխան է տվել։
Սակայն խնդիրն ունի քաղաքական կողմ, որը հուշում է, թե ինչպես է իր երբեմնի սկզբունքներից գահավիժել Նիկոլ Փաշինյանը։ Հեղափոխության հաղթանակից ամիսներ անց, կարծեմ՝ կառավարության գործունեության 100 օրվան նվիրված, Փաշինյանը մեծ հանրահավաք էր հրավիրել Հանրապետության հրապարակում։ Նա այն ժամանակ, ի թիվս բազմաթիվ այլ հարցերի, խոսել էր նաև ԼՂ խնդրի մասին, բնականաբար՝ բավականին կարծր դիրքերից, մեր հրապարակը համեմատել էր «Ագորրայի» հետ ու վստահ ասել էր, որ կարգավորման որևէ տարբերակ ինքը բերելու է ու ներկայացնելու է ժողովրդի դատին։
Իհարկե, այդ ամենը պոպուլիստական էժանագին հնարք էր, որովհետև ընդամենը երկու տարի անց՝ 2020թ-ի նոյեմբերի 9-ին, Նիկոլ Փաշինյանը, ժողովրդի թիկունքում, ակնհայտ պարտվողական մի փաստաթուղթ ստորագրեց, հիմա բանակցում է ոչ միայն ժողովրդի, այլ նաև՝ խորհրդարանի թիկունքում։ Այս ամենի համատեքստում՝ բնական է, որ «Ագորրայի» երեկվա «արքան» չի էլ ուզում լսել հանրաքվեի ու ժողովրդի կամարտահայտության մասին։
Վահրամ Բագրատյան