Գործընթացը սկսված է. գնդակն իշխանության դաշտում է

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն առաջիկայում շրջանառության մեջ կդնի Ազգային ժողովի որոշման մի նախագիծ, որով խորհրդարանին կառաջարկի Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել բարձր դատարան։
Նախագիծը որոշում դարձնելու համար անհրաժեշտ կլինի առնվազն 65 պատգամավորի քվե, իսկ սա նշանակում է, որ այն առանց իշխանականների ձայների կտապալվի։
Խորհրդարանի նախագահին և 3 խմբակցություններին դիմումներ են ուղարկել փաստաբաններ Արսեն Բաբայանն ու Սոս Հակոբյանը։ Նրանք պնդում են՝ դեկտեմբերի 16-ից դատավորի լիազորությունները ստանձնած Սաֆարյանը զբաղվել է ձեռնարկատիրությամբ, ավելի կոնկրետ՝ փաստաբանությամբ։
Միանգամից արձանագրենք, որ իրատեսական չենք համարում, թե ՔՊ-ն դրականորեն կարձագանքի խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությանը: Սրանով հանդերձ, նման նախաձեռնությունն ԱԺ-ում անհրաժեշտություն է:
Դա յուրօրինակ թեստ է, որը բացահայտում է գործող իշխանության դեմքը, արժեքային համակարգը: Արդյո՞ք Փաշինյանն ու նրա թիմը կգնան իրավական երկիր դառնալու ճանապարհով ու տվյալ դեպքում՝ «կզոհաբերեն» հեղափոխական թիմի անդամներից մեկին, թե՞ օրենքը կզոհաբերվի հեղափոխական «բեսպրեդելին»:
Սա հռետորական հարցադրում չէ, որովհետև այս իշխանությունը դեռ ունի հնարավորություն՝ կոնկրետ դրվագով վերացնել ակնհայտ ապօրինության հետևանքները:
Եթե դա տեղի չունենա, այս նախաձեռնությունը հիմք կհանդիսանա, որպեսզի ապագայում՝ նոր իշխանության օրոք, կատարվի համապարփակ քննություն, գուցե նաև՝ քրեական հետևանքներով:
Վահրամ Բագրատյան