Երջանի՞կ երկիր է Հայաստանը

Երջանի՞կ երկիր է Հայաստանը

 

Ֆինլանդիան հինգերորդ անգամ անընդմեջ ճանաչվում է աշխարհի ամենաերջանիկ երկիրը: Այս գնահատականը բովանդակում է մարտի 18-ին հրապարակված 2022 թվականի Երջանկության համաշխարհային զեկույցը, որը պատրաստվել է ՄԱԿ-ի պատվերով: Վարկանիշում Ֆինլանդիան, ինչպես և նախորդ տարիներին, մի քանի հարյուր բալով առաջ է անցել մյուս պետություններից:

Ամենաերջանիկների հնգյակ են մտել Դանիան, Իսլանդիան, Շվեյցարիան եւ Նիդեռլանդները, իսկ առաջին տասնյակում են նաև Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նորվեգիան, Իսրայելը և Նոր Զելանդիան: 
Ռուսաստանն այդ վարկանիշում տեղափոխվել է 80-րդ տեղը (անցյալ տարի այն 60-րդ տեղում Էր): Հետազոտությունն ընդգրկել է 146 պետություն: Երջանկության համաշխարհային զեկույցը հրապարակվում է 2012 թվականից:

Հայաստանը «Երջանկության համաշխարհային զեկույցում» դիտարկված երկրների ցանկում 82-րդն է. երջանիկների ցուցակում մեզ «հարևան են» ՌԴ-ն, Հոնկոնգը, Տաջիկստանը։

Զեկույցը կազմելիս հետազոտողները հաշվի են առնում այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) բնակչության մեկ շնչի հաշվով, սոցիալական օգնության մակարդակը, կյանքի տևողությունը, քաղաքացիական ազատությունների պահպանումը, զբաղվածության երաշխիքները, կոռուպցիայի մակարդակը, ինչպես նաեւ` հասարակական կարծիքի հարցումների արդյունքները: 

Եթե ուշադիր հետևում ենք այն չափանիշներին, որոնք ընկած են «Երջանկության համաշխարհային զեկույցի» հիմքում, տարակուսանքի հիմք է դառնում այն հանգամանքը, որ փաստաթղթում Հայաստանը զբաղեցնում է 82-րդ հորիզոնականը՝ առաջ անցնելով տարածաշրջանի մյուս երկրներից: Ադրբեջանը՝ 92-րդ, Թուրքիան՝ 112-րդ, Վրաստանը 105-րդ տեղերում են հայտնվել:

Չգիտեմ՝ ինչ չափանիշներով են զեկույցի հեղինակները հայաստանցիներին «տարածաշրջանային երջանիկ» համարել, երբ այսօրվա Հայաստանը չի փայլում ոչ մեկ շնչին բաժին հասնող ՀՆԱ-ի ցուցանիշներով, ոչ էլ առավել ևս՝ սոցիալական օգնության մակարդակով։ Այս օրերին համատարած թանկացումների համատեքստում՝ կառավարությունը չի իրականացնում սոցիալական աջակցության և ոչ մի ծրագիր, ավելին՝ չի իրականացնում հակաճգնաժամային կառավարում՝ չնայած մասնագետների հորդորներին։

Քաղաքացիական ազատությունների մակարդակի մասին երկար դատողություններ անելու կարիք չկա․ բավական է միայն «ծանր վիրավորանքի» քրեականացումն ու արձանագրումը, որ այդ հոդվածով արդեն կան կայացված դատավճիռներ։

Կառավարության ոչ թափանցիկ գործելաոճը, «մեկ պատուհանից» գնումների ավանդույթը հիմնավոր կոռուպցիոն կասկածներ են ծնել։ Ըստ այդմ, Հայաստանը, դժբախտաբար, չի կարող «երջանկության» առաջատարը լինել տարածաշրջանում, մանավանդ՝ պատերազմի հազարավոր զոհերի, տասնյակ ռազմագերիների առկայության համատեքստում։ «Երջանկության համաշխարհային զեկույցի» հիմքով Հայաստանի տարածաշրջանային առաջատարության թեզը շրջանառող իշխանության PR մասնագետները, թերևս, մոռացել են մեր ազգային աղետի մասին։

Վահրամ Բագրատյան