Միջազգային հանրության կողմից նկատելի են դրական ազդակներ, հավանաբար հասկացել են, որ Բաքվում տեղի ունեցողը բեմադրություն է

Եվրախորհրդարանն Ադրբեջանում պահվող հայերին, այդ թվում՝ Արցախի նախկին ղեկավարությանը համարեց ռազմագերի ու պահանջեց Բաքվից նրանց անհապաղ ու առանց նախապայմանների ազատ արձակել։
Ըստ բանաձևի՝ Բաքվում ընթացող դատավարություններն ապօրինի են և կեղծ։ Այս բանաձևը խորհրդարանը քննարկել է երեկ երեկոյան, այսօր այն ընդունվեց՝ դրան միացել են խորհրդարանի խոշոր խմբակցությունները։
«Միջազգային հանրության կողմից նկատելի են դրական ազդակներ։ Ընդ որում՝ ոչ միայն գերիների ու պատանդների վերադարձի մասով, այլև արցախցիների հավաքական ու անվտանգ վերադարձի։ Սպասենք զարգացումներին»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ինգա Բալայանը։
Ադրբեջանական լրատվամիջոցները երեկ «դատական» նիստից հրապարակեցին նոր լուսանկարներ, որտեղ ցուցմունք տվողները իրենց կամքով Արցախում մնացած Կամո Հայրապետյանն ու Մուշեղ Գրիգորյանն էին։
«Բավական էր տեսնել այդ երկուսին՝ խնամված, կոկիկ, կոստյումներով, սպիտակ վերնաշապիկներով ու մտածել, որ նրանք ապահովել են կեղծ դատավարությունների շոուի մասը»,-նշում է մեր զրուցակիցը։
Ըստ Բաքվի աղբյուրների՝ Կամոն ու ադրբեջանական ԶԼՄ-ների «հերոս» Միշիկը ցուցմունք են տվել ընդդեմ Ռուբեն Վարդանյանի։ Նրանք նախկին պետնախարարին մեղադրել են Արցախում ահաբեկչական զինված խմբավորումներ ստեղծելու մեջ:
«Նրանք, ովքեր մնացել են Արցախում, հաշվի չեն առել, որ ադրբեջանցիների ձեռքին դառնալու են գործիք։ Այդ ես ու դու գիտենք, որ Միշիկն ու Կամոն հարբեցող են, որ նույնիսկ Ռուբեն Վարդանյանին չեն ճանաչում, երբեք չեն տեսել կամ լսել նրա մասին։ Մտահոգիչը միջազգային հանրության ընկալումն է։ Հավանաբար նրանք էլ են հասկացել, որ սա ընդամենը բեմադրություն է։ Ես չեմ ուզում Կամոյին, Մուշեղին ու մյուսներին վատ բան ասել։ Չխախտելով անմեղության կանխավարկածը, հաշվի առնենք, որ նրանք գտնվում են թշնամիների պարտադրանքի տակ»,-հավելեց Բալայանը։
Հիշեցնենք, որ Մուշեղը (գիպսի Միշիկը) հարցազրույցներ է տվել Արցախ ժամանած ադրբեջանական լրատվամիջոցներին, մեղադրել հայ ժողովրդին «ագրեսիա» իրականացնելու մեջ։
Հունան Թադևոսյան