Սիմոնյանն ընդդեմ Փաշինյանի

Ալմա-Աթայի հռչակագրի դրույթը հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրում ամրագրելու շուրջ համաձայնություն դեռ չկա, Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ալեն Սիմոնյանը։
Ապրիլի 19-ին հայտարարվեց, որ Հայաստանը և Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացում առաջնորդվել Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրով։ Ըստ հայտարարության՝ կա համաձայնություն, որ այդ սկզբունքը ամրագրվի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի Կանոնակարգի նախագծում, սակայն եթե հետագայում հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրով նախատեսվեն այլ կարգավորումներ, ապա կանոնակարգը կհամապատասխանեցվի համաձայնագրի սկզբունքներին։
Եթե համադրում ենք այս երկու փաստը՝ Սիմոնյանի հայտարարությունը և ապրիլի 19-ի պրոտոկոլը, ակնհայտ է դառնում, որ Փաշինյանի իշխանության լավատեսությունը բուտաֆորիկ է:
Դեռ մի կողմ թողնենք այն փաստը, որ Ալմա-Աթայի հռչակագիրը քարտեզային պարամետր չունի և ինքնին երաշխիք չէ, որ դրա ամրագրումով ունենալու են 29800 քառակուսի կիլոմետր տարածք դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի ավարտին:
Ամբողջ զավեշտն այն է, որ Բաքուն խաղաղության պայմանագրի տեքստում անգամ ընդդիմանում է Ալմա-Աթայի հռչակագրի հղմանը, ինչը ենթադրում է, որ այլ սահմանահատվածներում Ադրբեջանը մտացածին այլ հիմքեր է ներկայացնելու՝ առավելագույնը ստանալու նպատակով:
Հենց դրա համար է Ադրբեջանն անորոշության սողանցք թողնում խաղաղության պայմանագրում՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ հատվածային դելիմիտացիան մինի կապիտուլյացիայի դրսևորում է:
Վահրամ Բագրատյան