Հակառուսական ժեստ՝ Հայաստանը միացել է ուկրաինական «Խաղաղության բանաձևին»․ հայացք Ռուսաստանից

Հակառուսական ժեստ՝ Հայաստանը միացել է ուկրաինական «Խաղաղության բանաձևին»․ հայացք Ռուսաստանից

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը օրերս Մալքայում հանդիպել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի հետ և քննարկել հայ-ուկրաինական հարաբերությունները։

Ըստ Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության՝ Գրիգորյանը Երմակի հետ ոչ միայն քննարկել է հայ-ուկրաինական հարաբերությունները, այլև Հայաստանը միացել է ուկրաինական «Խաղաղության բանաձևին» աջակցող պետությունների շրջանակին։ 

Իսկ «Խաղաղության բանաձև»-ը ենթադրում է Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի հարցով հատուկ տրիբունալի ստեղծում, այս պատերազմի հետևանքով առաջացած բոլոր կորուստների փոխհատուցման միջազգային մեխանիզմի ստեղծում՝ փոխհատուցում ռուսական ակտիվների հաշվին: Այս թեմայի շուրջ MediaHub-ը զրուցեց ռուս քաղաքագետ Վիկտոր Սապրիկայի հետ։

Վերջինս նշում է՝ նման հայտարարությունները միանշանակ ռեզոնանս կունենան և ռուսական դիրքորոշումը կփոխվի։

«Իհարկե հիմա էլ դիրքորոշումը փոխվել է Հարավային Կովկասի իրավիճակի հետ կապված։ Եվ եթե մենք քննարկում ենք հարցեր, որոնք հավանաբար առնչվում են արտաքին քաղաքականությանը և անձամբ Փաշինյանին, իսկ սկզբունքորեն՝ իշխող կուսակցությանը, ապա անշուշտ կլինեն պատասխան հայտարարություններ։ Եթե մենք խոսում ենք Ուկրաինայի «խաղաղության բանաձևի» մասին, ապա դա թեմա չէ, ժամանակի այս փուլում անիրատեսական է և կախված կլինի առաջին հերթին ոչ Ուկրաինայից, քանի որ Ուկրաինան ինքը որպես պետություն այժմ սուբյեկտ չէ, բայց սկզբունքորեն գոյություն ունի Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքական պարադիգմում: Իսկ եթե խոսքը դաշինքի մասին է, ապա ՆԱՏՕ-ի»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Սապրիկան։

Ըստ ռուս քաղաքագետի, եթե համարենք, որ Հայաստանն այժմ պաշտպանում է այն գիծը, որը ձևավորվում է Արևմուտքում, որը գլխավորում է ԱՄՆ-ն, ապա Ռուսաստանը համապատասխան կերպով կարձագանքի այս հայտարարություններին և այս հարցերին։ Նա նշեց, որ հիմա Հայաստանի Հանրապետությունը պետք է կենտրոնանա Արցախի բնակիչների խնդիրների վրա, հենց Հայաստանի բնակիչների խնդիրների վրա, քանի որ ոչ բոլոր խնդիրներն են լուծվել նման հայտարարություններ անելու համար։

«Եվ տեսնում ենք, թե ինչ է կատարվում այլ երկրներում, ինչ է լինելու Մերձավոր Արևելքում, և եթե հակամարտությունների սրումը շարունակվի, ապա Հայաստանը պետք է զբաղվի ներքին խնդիրներով ու հակամարտություններով և խնդիրներներով, որոնք կապված են Անդրկովկասի հետ, քան մեկնաբանի և փորձի պաշտպանել Ուկրաինայի ընտրած ակնհայտ սխալ գիծը։ Հնարավոր է, որ սա սադրանք է Ուկրաինայի նախագահի գրասենյակի կողմից։ Հիմա մենք տեսնում ենք, թե ինչ դիրքորոշում է զբաղեցնում Ուկրաինայի նախագահի գրասենյակը՝ նրանք փորձում են հնարավորինս ուշադրություն հրավիրել Ուկրաինայի վրա, այդ թվում՝ այնպիսի սադրանքներով, որոնք կարող են արդյունքի բերել և խաթարել մեր երկրների դաշնակցային հարաբերությունները»,- ասաց նա։

Քաղաքագետը նշեց, որ Եվրասիական տնտեսական միությունը և երկու երկրների հարաբերությունները կառուցված են հավասար գործընկերության վրա։ Եվ մեր երկրները պետք է երկխոսություն կառուցեն, բայց  արձագանք անշուշտ կլինի, եթե հետագայում Փաշինյանն ու իր կառավարությունը նման քայլեր ձեռնարկեն: Եվ այստեղ, նշեց Սապրիկան, մնում է հույս ունենալ, որ դա չի ազդի ԵԱՏՄ շրջանակում հարաբերությունների վրա։ 

«Ինչպես գիտենք, Մոսկվայում տեղի է ունեցել Մաքսային միջազգային ֆորում, որտեղ ասվեց, որ մենք գնում ենք դեպի ավելի բարձր ինտեգրացիա, անհրաժեշտ հարաբերություններ, թվայնացում։ Պետք է զբաղվենք այնպիսի հարցերով, որոնք թույլ են տալիս հնարավորինս զարգացնել մեր երկրները, այլ ոչ թե զբաղվել արտաքին քաղաքականությամբ։ Ինչպես Մարիա Զախարովան մեկնաբանեց այս նորությունը՝ սա հակառուսական ժեստ է։ Բայց նման արտաքին քաղաքական հայտարարությունները չպետք է խանգարեն մեր հարաբերություններին։ Իհարկե, երբ Մարիա Զախարովան խոսում է Ուկրաինացի պաշտոնյայի հետ Գրիգորյանի հանդիպման մասին, դա միայն ափսոսանք է առաջացնում»,- եզրափակեց Սապրիկան։

Մարիաննա Արամյան