«էս հողը ինձ երեխա ա պարգևել, ես էս հողից չեմ գնալու»

«էս հողը ինձ երեխա ա պարգևել, ես էս հողից չեմ գնալու»

Բռնի տեղահանված արցախցիների պատմությունները որքան նման՝ նույնքան տարբեր են։ 
MediaHub-ի զրուցակիցը երևանաբնակ Հասմիկ Դավթյանն է։ Եղբոր՝ Դավիթի մասին ներկայով է խոսում։ Այն, ինչ կատարվեց ընտանիքի հետ բառերով նկարագրելու չէ։ Ամեն ինչ կարող էր այլ ընթացք ունենար, եթե Դավիթն Արցախում մշտապես ապրելու որոշում չկայացներ։  Հայրական կողմի արմատներով Դավթյաններն Արցախի Դահրավ գյուղից են, թեպետ միշտ ապրել են Երևանում։ Միայն տարբեր ժամանակահատվածներում 2-3 տարով բնակվել են Արցախում։ 

«Մեր ընտանիքում 2 քույր և մի եղբայր ենք։ Հայրենասիրությունն ու Արցախի հանդեպ ունեցած սերն է միշտ առաջնորդել մեր ընտանիքին։ 2020թ. 44-օրյա պատերազմի լուրը լսելուց հետո 3-րդ օրն արդեն կնոջն ու մեզ բոլորիս նախապատրաստեց, որ գնում է Արցախ` «հայրենիքը կանչում է»։ Պատերազմի օրերին, երբ զանգում էր, ասում էր, որ թիկունքում է, որ  առաջնագիծ չեն գնում, հանգիստ լինենք։ Հետո իմացանք, որ հոսպիտալում է։ Իրենք առաջնագծում են կռիվ տվել հորեղբորս տղայի հետ, Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղի մատույցներում։ Պարզվեց, որ երբ թշնամին հրետակոծել է իրենց դիրքը, տղերքը արագ պատսպարվել են խրամատների մեջ, իսկ այդ ընթացքում Դավիթի ոտքը ջարդվել է։ Մենք բոլորս միաբերան նույն բանն էինք ասում. «Դավ, Աստված ոտքդ ջարդել ա, որ ողջ տուն վերադառնաս»,- հիշում է Հասմիկը։

Գերդաստանի 3 սերունդներն էլ պատերազմ են տեսել, 3 սերունդ իր բաժին կռիվն է տվել։ Հասմիկը պատմում է, որ հայրական կողմի պապը Հայրենական մեծ պատերազմի մասնակից է եղել, ուներ փոխգնդապետի զինվորական կոչում։ Մինչև 86 տարեկան դպրոցում ռազմագիտություն է դասավանդել, իսկ հայրը` արցախյան առաջին պատերազմի մասնակից, նույնպես զինվորական ու դարձյալ փոխգնդապետի կոչումով։ 

«Դավիթը 3 տարեկան էր առաջին պատերազմի ժամանակ։ Հիշում եմ մի դեպք այդ օրերից. մի օր, երբ թշնամին ռմբակոծում էր, մեր բարձրահարկ շենքի պատուհանները դղրդում էին, ես վախեցած լացում էի, Դավիթը հանգստացնում էր. «Գիժ, մի լացի, մերոնք են»։ Հետո պատերազմը գնալով թեժանում էր, վերջը չէր երևում։ Հայրս մեզ որոշեց ուղարկել Երևան։ Ձմեռվա ցրտին 4 օր ու գիշեր Իվանյանի (Խոջալու) օդանավակայանում սպասում էինք, որ մեր հերթը գա և ուղղաթիռով մեկնենք»։

Դժվար չէ պատկերացնել, որ զինվորականի ընտանիքում ծնված ու մեծացած, պատերազմներ հաղթած իր մեծերից Դավիթը հատկապես հայրենասիրություն պետք է ժառանգեր։ 

«Հայրս դեմ չեղավ, որ մինուճար որդին մեկնի առաջնագիծ, որովհետև ինքը նույն կերպ կվարվեր, եթե առողջական վիճակը թույլ տար։ Հոգու խորքում հպարտ էր, որ Դավիթն իր փոխարեն էլ կռիվ կտա։ Իսկ մամային ու կնոջը խոստացավ, որ կվերադառնա ու վերադարձավ... Աստված ոտքը ջարդեց, որ տված խոստումը կատարի»։

Պատերազմն ավարտվեց, ո՛չ մեր հաղթանակով։ Մինչ Հայաստանում ապաստանած արցախցիները փորձում էին ուժ գտնել ու վերադառնալ, իսկ մի մասը չգնացին, որովհետև վախենում էին։ Դավիթը որոշեց կնոջ հետ տեղափոխվել Արցախ և բնակվել այնտեղ։ 2020թ․ դեկտեմբերի 30-ին նա կնոջ հետ հասավ Ստեփանակերտ․ ցանկությունն էր Նոր տարվա և Սուրբծննդյան  տոներն այնտեղ դիմավորել։

Քույրն ասում է, որ այդքան կատարյալ ու ներդաշնակ ընտանիքը մի քանի տարի սպասել է առաջնեկի ծնունդին, բայց ծնող դառնալու բերկրանքն ուշանում էր։  

«Բոլորիս երազանքն էր, որ նրանց գեղեցիկ դուետը՝ տրիո դառնա։ Եղբայրս այնտեղ անցավ զինվորական ծառայության, ուներ ավագ լեյտենանտի զինվորական կոչում։ Մի քանի ամիս անց լսեցինք բաղձալի լուրը՝ «Հորքուր ես դառնալու»։ Մեր ուրախությանը չափ չկար։ Դավիթի պես երեխասեր մարդ ես չեմ ճանաչում, ոչ մի երեխայի կողքով անտարբեր չէր անցնում, բոլորի հետ խաղում էր, կատակներ անում։ Բայց երբ իրենց հրաշք աղջկան ունեցան, ասաց. «Էլի սիրում եմ բոլոր երեխեքին, բայց իմն ուրիշ ա։ Տղա երեխայի մասին էր երազում, «որ որդի ունենանք, Մոնթե ենք կոչելու»»։ 

Ընտանիքը Դավիթին մի քանի անգամ հորդորել է, որ Երևան վերադառնան, բայց պատասխանը գրեթե միշտ նույնն էր․ «էս հողը ինձ երեխա ա պարգևել, ես էս հողից չեմ գնալու»։

Սկսվեց շրջափակումը, իր հետ բերելով անասելի դժվարություններ, բայց ամուսինները դիմանում էին։ Կնոջը դժվարություններից փարատելու համար ասում էր՝ «Եթե Աստված էս դժվարությունը տվել է, ուրեմն ուժ էլ կտա դիմակայելու, լավ ա լինելու ամեն ինչ»։ Հիշում են ընտանիքի անդամները։

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը նորից պատերազմ հայտարարեց փոքրաթիվ ու փոքրատարածք Արցախի դեմ։ Երբ իրավիճակը դարձավ օրհասկան, բռնի տեղահանումը «փրկություն», Դավիթը կնոջ ու մանկահասակ երեխայի հետ պատրաստվում էր բռնել գաղթի ճանապարհը, մինչ այդ՝ վառելիք էր պետք։ 

«Սեպտեմբերի 25-ին Դավիթը ևս վառելիքի պահեստում էր։ Գնաց ու չեկավ։ Օրեր շարունակ մենք նրան փնտրում էինք բոլոր տեղերում, բայց դատաբժշկական փորձաքննությունը հաստատեց նրա մահը... Չնայած մեր ընտանիքը չի հավատում։ Ամեն օր սպասում ենք հրաշքի։ Սակայն մինչ օրս մենք չենք հավատում ու չենք հաշտվում այս իրողությանը։ Մենք իրավունք ունենք չհավատալու,  որովհետև չենք տեսել, որովհետև նա միշտ ողջ է և ողջ կմնա... Մենք հավատում ենք հրաշքների, այո՛ ամենաանհավանական հրաշքներին ենք հավատում։ Սեպտեմբերյան դեպքերը, դրա հետ մեկտեղ տեղի ունեցած պայթյունը խեղեց ևս մի երջանիկ ընտանիքի ճակատագիր։ Օրինակելի ամուսին, աղջկա համար խենթ հայր, նվիրված որդի ու ամենահաս եղբայր, հավատարիմ ընկեր, չափից դուրս բարի ու կամեցող, աղ ու հացով, երգ ու պարով մարդ։ Դավիթը մարդ էր, մարդ՝ մարդկային բոլոր բարձր հատկանիշներով»,- ասում է մեր զրուցակիցը։

Ընկերները հաճախ նրան կատակով ասում էին՝ «ինքն իր բարության ձեռքը կրակն էր ընկել»։ 

«Երբևէ լսած կա՞ք, որ դարձվածքը, որն ամբողջությամբ փոխաբերություն է, կարող է մի օր ուղիղ իմաստ ստանալ։ Եղբորս դեպքում, այո՛, ինքն իր բարության ձեռքը կրակն ընկավ»,- հավելեց Հասմիկ Դավթյանը։

Հունան Թադևոսյան