«Նիկոլական» ՏԻՄ

Մարտի 26-ին կայանալիք Սյունիքի մարզի Սիսիան և Շիրակի մարզի Անի համայնքներում ավագանու արտահերթ ընտրությունների համար առաջադրումները կատարված են, մասնակիցների ցանկը հայտնի է:
Ընտրությունները մրցակցային են լինելու ու զուտ ֆորմալ առումով՝ դժվար է դրանց ելքը կանխորոշված համարել:
Այս երկու համայնքներում, սակայն, վերջին ամիսներին երկրորդ անգամ են ՏԻՄ ընտրություններ անցկացվում: Անցյալ տարվա սեպտեմբերի 25-ին երկու համայնքներում էլ բացարձակ հաղթող չէր եղել ու ՔՊ-ն առաջացրել էր ավագանիների ճգնաժամ՝ նոր ընտրությունների հասնելու համար:
Նման սցենարը ձեռնտու է բացառապես իշխող կուսակցությանը, որովհետև երկու ընտրությունների միջանկյալ փուլում վարչապետն իր «սրտի թեկնածուին» նշանակում է համայնքապետի ԺՊ ու երկրորդ ընտրություններն, ըստ էության, վերածվում են իշխանության թեկնածուի վստահության հանրաքվեի:
Եթե սեպտեմբերի 25-ին ընդդիմությունն Անիում և Սիսիանում պայքարում էր հաղթանակի համար, ինչն, օրինակ, Անիում միանգամայն իրատեսական էր, հիմա պետք է պայքարի իշխանության թեկնածուի հաղթանակը թույլ չտալու համար:
Սա անչափ բարդ գործընթաց է, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ իշխանությունը կոնսոլիդացված կերպով վարչական ռեսուրս է կիրառում:
Գլոբալ խնդիրն, իհարկե, «հեղափոխական» օրենսդրությունն է, որ գործադիր իշխանությանը թույլ է տվել՝ վերահսկիչ փաթեթ ունենալ ՏԻՄ ընտրություններում ու մարմիններում:
Դրա համար ենք պնդում, որ մարտի 26-ի Ընտրությունները մրցակցային են՝ զուտ ֆորմալիստական առումով։
Վահրամ Բագրատյան