Փաշինյանի քայլերը ոչ թե «իրական», այլ արդեն պետականություն կորցրած Հայաստանի մասին են գուժում

«Ազգովի լրջանալու լրջագույն խնդիր ունենք։ Սթափվելու, ամեն ինչին այսուհետ այլ աչքերով նայելու, ընկալելու ժամանակներ են, բայց ցավոք՝ ազգը խորը թմբիրի մեջ ա։ Պետք է անհապաղ ոտքի կանգնել»,- թուրք լրագրողների հետ հանդիպմանը հնչեցրած մտքերի, Բաքվից «խաղաղության պայմանագրի» արդեն անվիճելի դրույթների մասին տարածված հաղորդագրության վերաբերյալ իր մտահոգությունը MediaHub-ին փոխանցեց վերլուծաբան Արմինե Հայրապետյանը։
Փաշինյանն ու ԱԳՆ-ն հաստատել են, որ «խաղաղության պայմանագրի» տեքստի վերջին 2 հոդվածի շուրջ բանակցություններն ավարտված են: Վերլուծաբանի կարծիքով, սակայն, հայ հասարակությունը դեռ չգիտի՝ այս անգամ ի՞նչ զոհողությունների հաշվին։
«Այս մարդիկ հաշվի չեն նստում ժողովրդի հետ, անում են՝ ինչ ուզում են, երբ ուզում են, զիջում են՝ որքան պետք է։ Խաղաղության պայմանագիր Բաքուն չի ստորագրելու, սա ուղղակի կլինի Հայաստանի կողմից հերթական զիջումը: Մի երկրում, որտեղ հերոսը հարկատուն է, պարտվելով են հաղթում ու հպարտանում այդ պարտությամբ։ Ու եթե այս ամենում մի համարձակ քայլ կա, դա Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոկի այսօրվա հայտարարությունն էր․ «Բաքվի հետ բանակցություններում՝ Երևանի քայլերը համարձակ զիջումներ են»: Այսպես է որակել գերմանացի պաշտոնյան»,- ասաց մեր զրուցակիցը։
Փաստացի, գնում ենք խաղաղության մի երկրի հետ, որի պետական հեռուստաալիքները Հայաստանն անվանում են Արևմտյան Ադրբեջան, իսկ ցուցադրվող քարտեզներում հայկական տեղանուններին փոխարինում է ադրբեջանականը։
«Խաղաղության պայմանագիրը ստորագրելուց առաջ Փաշինյանը դեռ առիթ ունենալու է Ադրբեջանի պահանջով միջազգային հանրությանն ասել՝ «Արցախում էթնիկ զտում տեղի չի ունեցել և արցախցիներն ուղղակի գաղթել են։ Հազարավոր հայ տղաներ ոչ թե զոհվել կամ սպանվել են, այլ եղել են ֆաշիստական իշխանության ջատագովներ, նրանք օկուպանտ են և անջատողական»: Հիշեք՝ Փաշինյանը ոչ միայն երկիրը տանում է միտումնավոր պարտության, այլ իրենից հետո այլևս մեջքն ուղղելու տարբերակներ չի թողնելու հաջորդներին»,- վստահ է Հայրապետյանը:
Նա ավելացրեց, որ Հայոց ցեղասպանության ուրացումը, Արցախի զիջումը, ԵՄ դիտորդներին Հայաստանից հեռացնելը, Թուրքիայի հետ սահմանին հայ սահմանապահների տեղակայումն ու ՌԴ-ից հրաժարվելը, Ադրբեջանի պահանջով Սահմանադրության փոփոխությունը, թուրքի առաջ ճանապարհների ապաշրջափակումը ոչ թե «իրական», այլ արդեն պետականություն կորցրած Հայաստանի մասին է գուժում։
Մեր զրուցակցի կարծիքով՝ Արցախի ու արցախահայության վերադարձի իրավունքներն ու խնդիրներն այսուհետ պետք է բարձրացվեն ու պաշտպանվեն օտար երկրում, ոչ Հայաստանում։
Հունան Թադևոսյան