Բենզինի գինը կթանկանա՞

ՀՀ և ՌԴ միջև ստորագրված հավելվածով 2023 թվականի համար ավելացվել է Հայաստանի համար բենզինի քվոտան, ինչը հնարավորություն է տվել ՀՀ ներմուծողներին ՌԴ-ից գնել և ՀՀ ներմուծել հավելյալ 60 հազար տոննա բենզին: Այս մասին հայտնի դարձավ այսօր։
Արդյո՞ք սա նշանակում է, որ կարող ենք սպասել բենզինի գնի նվազում, թե հակառակը վառելիքի գինը էլ ավելի կթանկանա Հայաստանի Հանրապետությունում․ այս թեմայի շուրջ MediaHub-ը զրուցեց տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ։
«60 հազար տոննա բենզինի ներմուծումը կապ չունի գնի թանկացման հետ։ Մեր բենզինի թանկացումը կապված չի ներկրման քվոտայի բացակայության հետ, այլ կապված է Ռուսաստանի ներքին շուկայում գների թանկացման հետ։ Կտրուկ փոփոխություններ պետք չի սպասել այս տարի»,- ասաց տնտեսագետ Պարսյանը։
Մրցակցային պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն օրերս ԱԺ֊ում ևս անդրադարձավ Հայաստանում բենզինի գնի կտրուկ թանկացմանը: Ըստ նրա՝ գնային տատանումները կապված են ներմուծման դերակատարների ծավալների ու նոր խաղացողների հայտնվելու հետ:
Գևորգյանը նշել էր, թե սխալ է վառելիքի գները համեմատել, օրինակ, Վրաստանի հետ։ Իսկ տնտեսագետ Պարսյանը նշում է միշտ էլ պետք է համեմատել հարևան երկրի հետ, քանի որ վառելիքի, բենզինի գները ազդում են տվյալ երկրի ապրանքների և ծառայությունների գնի վրա։
«Եթե հարևան երկրներում վառելիքի գները էժան են, հետևաբար իրենց տնտեսությունը դառնում է ավելի մրցունակ և մենք չենք կարող ուշադրություն չդարձնել ու չհամեմատել. դա սխալ մոտեցում է։ Մեր երկրում թանկացումները լինում են համատեղ, այսինքն բոլորը միասին կա'մ բարձրացնում են, կա'մ իջեցնում։ Մրցակցային դաշտը ՀՀ-ում առողջ չէ։ Այս պահին թանկացման գործոն կարող է լինել ԱՄՆ դոլարի փոխարժեքի տատանումները։ Օրինակ՝ բենզինի գնի վերջին թանկացումը կապեցին դոլար-դրամ փոխարժեքի հետ։ Այդ մոտեցումը ճիշտ չէ, քանի որ ինչպես կարող է այդ օրը դոլարի փոխարժեքը բարձրանա, հաջորդ օրը բենզինի գինը բարձրանա։ Դա կապել դոլարի հետ պետք չէ, քանի որ հենց այդ օրը չէին ներկրել ՀՀ, դա ներկրել էին մի 10 օր առաջ»,- ասաց տնտեսագետը։
Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ բենզինի գինը կտրուկ թանկացավ` հասնելով 580 դրամի։ 2022-ի հունվարից 2023-ի սեպտեմբեր ամբողջ տեղեկատվությունը վերլուծելով՝ պարզվել է, որ ՀՀ-ում գնային տատանումները գերազանցապես կապված են եղել ներմուծման ծավալների և գների հետ:
Մարիաննա Արամյան