Աննախադեպ ճգնաժամ՝ հայ- ռուսական հարաբերություններում

Աննախադեպ ճգնաժամ՝ հայ- ռուսական հարաբերություններում

Երրորդ հանրապետության գոյության տարիներին հնարավոր չէ հիշել որևէ այլ ժամանակաշրջան, երբ հայ- ռուսական հարաբերությունները հայտնվեին նման ճգնաժամի մեջ, որն արդեն ավելի շատ փակուղու է նման:

Անցած շաբաթավերջին Ռուսաստանի ԱԳՆ-ն հանդես եկավ աննախադեպ կոշտ հայտարարությամբ:
Մոսկվայում նշել են, թե «Ռուսաստանը ֆիքսում է, որ տարածաշրջան ՀԱՊԿ դիտորդներ գործուղելու հնարավորությունը տրամաբանական ավարտին չհասցնելով՝ Հայաստանը որոշել է նախապատվությունը տալ Եվրամիությանը»:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության համոզմամբ, Եվրամիության քաղաքականությունը վնաս կհասցնի հայերին և ադրբեջանցիներին.

«Ամեն գնով Հայաստանում տեղն ամրապնդելու, Ռուսաստանի միջնորդական ջանքերը մի կողմ մղելու Եվրամիության փորձերը կարող են վնաս հասցնել տարածաշրջանի խաղաղ զարգացմանը ձգտող հայերի և ադրբեջանցիների հիմնարար շահերին»:

ՌԴ ԱԳՆ-ն նաև նշել է, թե «Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը կարձագանքի Հայաստանում Եվոպական միության դիտորդների պահվածքին՝ հաշվի առնելով տեղում իրավիճակի զարգացումը»։

Նախարարությունը պնդում է, որ «եթե Բրյուսելում շահագրգռված լինեին Հարավային Կովկասի խաղաղությամբ, ապա դիտորդների աշխատանքը կհամաձայնեցնեին նաև Ադրբեջանի հետ»:

«Դա Ռուսաստանի գործը չէ: ԵՄ առաքելությունը մեկնարկել է Հայաստանի իշխանությունների խնդրանքով և ազատ որոշմամբ», - ասել է ԵՄ ԱԳ խոսնակ Պետեր Ստանոն՝ անդրադառնալով ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի կողմից հաստատված քաղաքացիական առաքելության առաջիկա տեղակայման մասին ՌԴ արձագանքին:

Հայաստանը, Նիկոլ Փաշինյանի իշխանության ապաշնորհ քաղաքականության հետևանքով, հայտնվել է աշխարհաքաղաքական շահերի բախման կիզակետում ու իրավիճակը չի մեղմում անգամ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանի հերքումները, թե Հայաստանը պատրաստվում է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից:

Ռուսաստանի ԱԳՆ-ի վերջին կոշտ հայտարարությունը ու Զախարովայի նույնքան կոշտ ճեպազրույցն, այնուամենայնիվ, մի հարց են առաջացնում՝ արդյո՞ք Ռուսաստանի կարողությունները մեր տարածաշրջանում էապես սահմանափակվել են ու Մոսկվան ստիպված է իր օրակարգն ավելի ներդաշնակեցնել Բաքվի օրակարգի հետ, թե՞ հայ- ռուսական հարաբերություններում ինստիտուցիոնալ ճգնաժամը շատ խորացել է, որովհետև Փաշինյանը էական քայլեր է կատարել «ճամբարափոխության» ուղղությամբ:

Երկու դեպքում էլ՝ հայ- ռուսական հարաբերություններում նահանջը միայն ռիսկեր կարող է առաջացնել ու, անշուշտ, լուծումներ գտնել է պետք:

Ի դեպ, իշխանամերձ «արևմտամետների» խոսակցությունները «ճամբարափոխության» մասին ամենևին էլ չեն նպաստում Հայաստանի արտաքին քաղաքականության հնարավորությունների մեծացմանը:

Հայաստանի համար թանկ են հարաբերությունները ինչպես ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, այսպես էլ՝ Իրանի, Եգիպտոսի, Չինաստանի, արաբական աշխարհի հետ, բայց շեշտը պետք է դնել ոչ թե արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության վտանգավոր թեզի, այլ արտաքին քաղաքականության հնարավորությունների մեծացման, դիվերսիֆիկացիայի վրա:

Նման դեպքերում, հազիվ թե գործ ունենանք Մոսկվայի կոշտ հակազդեցության հետ` առնվազն այն պատճառով, որ ռուսական շահերը հարվածի տակ չեն դրվում։

Վահրամ Բագրատյան