Կադրային սպա է դանակահարվել․ Դավիթ Սայադյանն ավագ լեյտենանտ էր
Զինված ուժերի ավագ լեյտենանտ Դավիթ Սայադյանի հորեղբայրը՝ Մեխակ Սայադյանը, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է․ «44-օրյա պատերազմի և հետագա բոլոր ռազմական գործողությունների մասնակից Դավիթ Սայադյանը չզոհվեց թուրքի գնդակից, սակայն սպանվեց դանակի հարվածներից՝ թրքանման հայ կոչվողների ձեռքով, զինվորական համազգեստի պատիվը պաշտպանելիս»։
MediaHub-ը կապ հաստատեց Մեխակի հետ՝ պարզելու կատարվածի մասին։ Վերջինս ասաց, որ դեպքը տեղի է ունեցել Երևանում։ Իր եղբոր որդին ընդամենը փորձել է օգնել զինվորական ընկերոջը։
«Նրան փող էին պարտք։ Ընկերը դիմել է Դավիթին, ու միասին գնացել են 2 եղբայրների հետ հանդիպման։ Վերջիններս պատրաստված են եկել։ Խոսք ու զրույցի ընթացքում նրանք ասել են՝ «դուք «պագոնավոր» եք, եկել «ռազբորկա» եք անում»։ Էդպես խոսք-խոսքի, Դավիթն ասել ա՝ «մենք ծառայում ենք նաև ձեզ համար»։ Ընդեղ քաշքշոց է եղել, հետո էտ 2 ախպերներից մեկը դանակը հանելա ու մի հարված խփել ոտքից վերև, մեկը՝ փորին»,- ասաց Մեխակ Սայադյանը՝ ավելացնելով, որ տեղյակ չէ՝ հանցագործություն կատարող անձինք արդյո՞ք գտնվել են, որովհետև ըստ նրա՝ «դանակահարությունից հետո փախել են»։
Հորեղբոր խոսքով՝ շտապօգնության մեքենան չի ուշացել, ժամանակին հասցրել են հիվանդանոց։ Բայց, սպան արյուն շատ է կորցրել, չի դիմացել։
26-ամյա Դավիթ Սայադյանը ծնվել է Իջևան քաղաքում։ 8-րդ դասարանից ուսումը շարունակել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում, ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, այնուհետև զինվորական կրթությունը շարունակել Սանկտ Պետերբուրգում։
Վաղը հայրենի Իջևանում հարազատները նրա մարմինը հողին կհանձնեն։ Հորեղբայրն ասում է․ «Հայրենիքին արժանի ապրեց, թշնամու հետ կռվում չընկավ, փոխարենը սպանվեց հայի ձեռքով»։
Հունան Թադևոսյան