Սիրիայի առաջնորդն անում է այն, ինչ նրան հրահանգում է Էրդողանը․ Լաթաքիայում կոտnրածի վերջը չի երևում 

Սիրիայի առաջնորդն անում է այն, ինչ նրան հրահանգում է Էրդողանը․ Լաթաքիայում կոտnրածի վերջը չի երևում 

Անցնող օրերին Սիրիայի ծովափնյա շրջաններում սպանվել է 1045 մարդ, որից 745 -ն անզեն քաղաքացիներ են, անգամ երեխաներ։ Պաշտոնապես հրապարակված այս թիվը՝ ժամ առ ժամ փոխվում է։ Սպանվածներն Ալավի (շիայի ճյուղ) համայնքի անդամներ են։ 

«Բախումներն առ այս պահն էլ շարունակվում են։ Մարդիկ սպանվում են իրենց տներում, բակերում, փողոցներում, անգամ տրանսպորտում։ Նրանք սպանվում են միայն նրա համար, որ Ալավի համայնքի ներկայացուցիչ են։ Իրադարձությունների էպիկենտրոնը Լաթաքիայի շրջանի Պանիաս քաղաքն է։ Նրանք, ովքեր Ալավի անդամ են, բայց Ասադների ռեժիմին որևէ կերպ չեն աջակցում՝ էլի սպանվում են»,- MediaHub-ին փոխանցեց հալեպահայ Հովհաննես Ճոսլակյանը։ Նրա բարեկամներն ապրում են Լաթաքիայի շրջանում, որոնց հավաստմամբ՝ մարդիկ վախենում են դուրս գալ տներից, ցուցաբերում են զգուշավորություն։ 

«Ես վաղուց չեմ զարմանում աշխարհի անտարբերությունից։ 21-րդ դարում Թուրքիայի աջակցությունը վայելող խմբավորումներն արյունահեղություն են իրականացնում, իսկ զինյալների դեմ ոչ մի զսպող մեխանիզմ չի կիրառվում՝ բացի հայտարարություններից»,-նշեց նա։

Լաթաքիայում ապրող հայերին տեղի համայնքն ու եկեղեցին հորդորել են տներից դուրս չգալ, հակառակ նրա, որ հազարավոր մարդիկ լքել են իրենց բնակավայրն ու ապաստանել ռուսական Խմեյմիմ ավիաբազայում։ Ճոսլակյանները 2014-ից են հաստատվել Հալեպում, մինչ այդ ապրում էին Քեսաբում։ Հովհաննեսի խոսքով՝ այս օրերին տեղի ունեցող ջարդերը՝ 9 տարի առաջ կիսատ թողնված կոտորածների շարունակությունն է։ 

«Լաթաքիայում այս նույն իրավիճակն էր 2014 թվականին, երբ Թուրքիան Քեսաբում իրականացրեց քրիստոնյա ժողովուրդների ջարդերը։ Սիրիայի առաջնորդն անում է այն, ինչ նրան հրահանգում է Էրդողանը։ Զինված խմբավորումները չեն խղճում նույնիսկ կանանց ու երեխաներին։ Կոտորածները հիմնականում իրականացնում է Թուրքիայի բանակը։ Ցավալին այն է, որ արդեն կան նաև հայ զոհեր»,- հավելեց մեր զրուցակիցը։

Հունան Թադևոսյան