Բաքուն բացահայտում է «գազ» օպերացիայի քաղաքական գինը

Բաքուն բացահայտում է «գազ» օպերացիայի քաղաքական գինը

Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է ՀՀ ԱԳՆ նախօրեի հայտարարությանը, որում Ադրբեջանին մեղադրել էին Արցախի գազամատակարարման դադարեցման մեջ։ Ըստ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևայի, հայկական կողմի պնդումներն անհիմն են։

Նրա խոսքով. «Մենք Հայաստանին խորհուրդ ենք տալիս ապահովել եռակողմ հայտարարությունների վերաբերյալ իր պարտավորությունների կատարումը, այդ թվում՝ տարածաշրջանում տեղակայված զինված ուժերի մնացորդների դուրսբերումը և դրանով իսկ նպաստել տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը, և չանել անհիմն հայտարարություններ: Հայաստանի կողմից ոչ կառուցողական մոտեցման մշտական դրսևորումը, անհիմն պնդումներ անելը, բացահայտում են այս երկրի իրական մտադրությունները»։

Անկեղծ ասած, Ադրբեջանի ԱԳՆ պարզաբանման կամ պատասխան հայտարարության տեքստում չկա ուղղակի հերքում, թե իրենք են Արցախի գազամատակարարման դադարեցման նախաձեռնողը։ Այնպիսի տպավորություն է, որ Բաքուն չի հերքում իրեն վերագրվող արարքը, ճիշտ հակառակը՝ նախահարձակ է լինում՝ անուղղակի պնդելով, որ Արցախը գազ չունի, քանի որ Հայաստանն Արցախից դուրս չի բերել «տարածաշրջանում տեղակայված զինված ուժերի մնացորդներին»։

Պաշտոնական Բաքուն բացահայտում է, թե ինչու համար է դադարեցրել Արցախի գազամատակարարումը ու ինչ է ակնկալում ստանալ՝ գազամատակարարման վերականգնման դիմաց։

Ի դեպ, նախօրեին Բաքվում հանդիպել էին Ռուսաստանի ու Ադրբեջանի բարձրաստիճան զինվորականները ու, դատելով տեղեկատվությունից, քննարկել են ԼՂ-ից «հայկական ռազմական խմբավորումների» դուրսբերման հարցը։

Մոսկվան ու Բաքուն` առանց Երևանի, ըստ էության` քննարկում են ՊԲ կազմալուծման հարցը։ Հիմա այդ մասին բարձրաձայնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Բաքուն չի թաքցնում, որ կանխամտածված հումանիտար ճգնաժամ է ստեղծում Արցախում՝ սեփական ագրեսիվ օրակարգը կյանքի կոչելու նպատակով։ Այս համատեքստում՝ Հայաստանի իշխանության կիսավախվորած, զգուշավոր արձագանքն ադեկվատ չէ։

Վահրամ Բագրատյան