Իշխանությունը լուծեց իր խնդիրը․ նրան արդեն «պատանդ» պետք չէր

9-ամսյա կալանքից հետո Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը երեկ դատարանի դահլիճից ազատ արձակվեց, երբ դատավորը արդարացրեց նրան ընտրական հանցագործությունների հոդվածներով։
Դատարանը միևնույն ժամանակ Գորիսի 31-ամյա քաղաքապետին մեղավոր ճանաչեց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ինքնիրավչության և դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու համար, նրան դատապարտեց 6.5 ամիս ազատազրկման, բայց վճիռը պայմանական չկիրառեց: Դատավոր Գնել Գասպարյանը Գորիսի քաղաքապետին նաև 5 տարով զրկեց տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից։
Դատավճռի վերջին դրվագն ամենաառանցքայինն է։
Իհարկե, անմեղ մարդու ազատությունը բոլորիս է ուրախություն պատճառել, սակայն ակնհայտ է, որ Առուշանյանին կալանավորելով՝ իշխանությունը լուծում էր քաղաքական խնդիր։ Նրա հիմնական նպատակն այն էր, որ Առուշանյանի գլխատված թիմը պարտություն կրի Գորիսի խոշորացված համայնքի ընտրություններում։
Այդ սցենարը չաշխատեց․ «Առուշ Առուշանյան» դաշինքը համոզիչ հաղթանակ տարավ, ինչից հետո, իշխանությունն անցավ պլան Բ-ի իրականացմանը։ Ժողովրդի կամքով հնարավոր չեղավ Առուշանյանին հեռացնել համայնքապետի պաշտոնից, իշխանությունը դա իրականություն դարձրեց՝ դատարանի վճռով։
Նման հանգուցալուծումից հետո իշխանությանն այլևս պետք չէր «պատանդ»՝ Առուշանյանի դեմքով ու պարզվեց, որ նա այլևս «հանցագործ» չէ ու կարող է հայտնվել ազատության մեջ։ Վստահ ենք, որ նույն մոտիվներով ու սցենարով անազատության մեջ է պահվում նաև Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, որի դաշինքը Վանաձորի ՏԻՄ ընտրությունների առաջատարն է։ Հենց իշխանությունը տարբերակ գտնի ու լուծի Վանաձորի տեղական իշխանության հարցը՝ կպարզվի, որ Մամիկոն Ասլանյանն էլ «հանցագործ» չէ ու նա էլ կհայտնվի ազատության մեջ։
Վահրամ Բագրատյան