Ժամկետների խախտում է եղել, 1-2 օրից պարզ կլինի՝ Արթուր Չախոյանը կստանա՞ ՀՀ քաղաքացիություն, թե՞ ոչ

Քաղաքային խնդիրների բարձրաձայնմամբ հայտնի դարձած բլոգեր Արթուր Չախոյանը, որ ՌԴ քաղաքացի է, այսօր իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հրաժարվում է իրեն ՀՀ քաղաքացիություն տրամադրել։
«Ներքին գործերի նախարարությունից քիչ առաջ ինձ տեղեկացրին, որ ինձ ՀՀ քաղաքացիություն չտրամադրելու որևէ իրավական հիմք չկա, սակայն, առանց որևէ օրինական պատճառաբանության, շարունակում են մերժել ինձ ՀՀ քաղաքացիություն տրամադրել»,- գրել է բլոգերը՝ հավելելով, որ այս գործընթացն ինքը գնահատում է որպես քաղաքական ճնշում՝ պայմանավորված իր կողմից իրականացված կոռուպցիոն բացահայտումներով։
MediaHub-ը դիմեց ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանին՝ հասկանալու, թե ո՞րն է Չախոյանին քաղաքացիություն չտրամադրելու պատճառը։ Դավթյանը նախ ասաց, որ իրենք չեն մերժում Արթուր Չախոյանին ՀՀ քաղաքացիություն տրամադրելը, պարզապես այս պահին որոշում չկա, քանի որ իրենց կողմից ժամկետների խախտում է տեղի ունեցել, և խոստացավ, որ մոտ օրերս կլինի որոշումը։
«Մենք չենք մերժում, գուցե ճիշտ կլիներ իրավիճակը նկարագրել այլ կերպ, որ մի փոքր ձգձգվում է, որովհետև ես ստուգեցի, իսկապես վարչարարության ժամկետները մի փոքր գերազանցել ենք, առաջիկա մեկ-երկու օրերի ընթացքում պատրաստ կլինի որոշումը։ Դա կլինի մերժման որոշում, թե շնորհման՝ պարզ կլինի այդ ժամանակ»,- ասաց Նելլի Դավթյանը։
Մեր հարցին, թե ինչո՞ւ է ձգձգվել, իրենց աշխատակիցների թերացո՞ւմն է պատճառը, Դավթյանն այսպես բացատրեց․ «Միջգերատեսչական համագործակցության կտոր կա այս պրոցեսի մեջ, պետք է նշեմ, որ քաղաքացիության շնորհման գործերի հիման վրա, երբ անձը, տվյալ պարագայում օտարերկրյա քաղաքացին, դիմում է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, և տարբեր գերատեսչություններ հարցումներ են ուղարկվում, և, կապված դիմումատուի վերաբերյալ առկա տեղեկատվությունից, տարբեր տվյալներից ու հանգամանքներից, տարբեր է գերատեսչությունների քանակը։ Հիմա էնպես է ստացվել, որ սահմանված ժամկետում չենք կարողացել կազմակերպել պրոցեսը, մի քանի օրով խախտել ենք, դրա համար շատ արագ եզրակացությունը կտրամադրվի։ Ըստ ընթացակարգի՝ այն ուղարկվում է ՀՀ նախագահի աշխատակազմ, և վերջնական որոշումը լինում է նախագահի հրամանագրի տեսքով»։
Իսկ այն, որ Արթուր Չախոյանը գրել էր, թե ՆԳՆ-ից իրեն տեղեկացրել են, որ իրեն ՀՀ քաղաքացիություն չտրամադրելու որևէ իրավական հիմք չկա, կա՞ այդպիսի բան, թե՞ հնարավոր է՝ մերժեն, Նելլի Դավթյանն ասաց, թե ՆԳՆ-ից այդպիսի հայտարարություն չի եղել։
«Դա զուտ թյուրըմբռնման արդյունք է։ Այդպիսի հայտարարություն չի եղել, ուղղակի բանավոր երկար-բարակ զրույց է եղել մեր աշխատակիցների հետ, դա է դիմումատուն քաղել որպես եզրակացություն, հիմա ես մի քիչ համաձայն չեմ այդ եզրակացության հետ»,- ասաց Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը՝ նշելով, որ մեկ-երկու օրվա ընթացքում պարզ կլինի՝ շնորհվո՞ւմ է տվյալ անձին ՀՀ քաղաքացիություն, թե՞ ոչ։
Վահե Մակարյան