Մղձավանջ, կորուստներ, գաղթի ճանապարհ... ո՞ւմ համար է որդին զոհվել, եթե չկա հայրենիք (լուսանկարներ)

Մղձավանջ, կորուստներ, գաղթի ճանապարհ... ո՞ւմ համար է որդին զոհվել, եթե չկա հայրենիք (լուսանկարներ)

«Դավաճան իշխանությունների պատճառով որդիներիցս մեկը զոհվեց դիրքում, մյուսը ծանր վիրավորում ստացավ, ամուսինս ու ավագ որդիս մազապուրծ են եղել կոտորածից, հիմա ո՞ւմ մեղադրեմ». Լուսինե Ղալայանը հաճախ է ինքն իրեն հարց տալիս, թե հանուն ինչի՞ է զոհվել որդին, և կամ ո՞ւմ մեղքով է ընտանիքն անցել իրական դժոխքի միջով։

Որդիները զինվորագրվել են հայրենիքի պաշտպանությանն ու 14-օրյա հերթափոխով պաշտպանում էին Արցախի հյուսիսային և արևմտյան սահմանները։ Թշնամական դիրքերում օգոստոսից սկսած կուտակումները իրադրությունը դարձրել էին լարված ու ահագնացող։

Սեպտեմբերին «համար 1» հրահանգով, Լուսինեի 3 որդիները՝ Մերուժանը, Վարդանն ու Արմենը, բարձրացել են դիրքեր, ընդ որում, Վարդանը տրանսպորտի բացակայության պատճառով կես ճանապարհը ոտքով է անցել, քանի որ իր նորաստեղծ ընտանիքի հետ ապրում էր Ստեփանակերտում, իսկ եղբայրները՝ Մարտակերտի շրջանի Կոճողոտ գյուղում։ Դա վերջին հերթափոխն էր Վարդանի համար։

Մայրը MediaHub-ին պատմում է որդու կորստի, բռնի տեղահանության ու ընդամենը մեկ շաբաթվա մեջ ընտանիքի գլխով անցածի ու իր ծանր ապրումների մասին։ 

«Վարդանը վերջին օրերին հատկապես, հաճախ էր ասում, որ ծառայություն է, հակամարտող տարածք է, չես կարող ասել, թե վաղն ինչ կլինի և տուն կգա՞ արդյոք։ Տղաս շատ էր սիրում Արցախը, անգամ հնարավորության դեպքում չէր լքել երկիրը ու այլ տեղ անհոգ կյանք չէր փնտրել։ Ընտանիք է կազմել, երեխա են ունեցել, ու շատ երջանիկ էինք»,- պատմում է տիկին Լուսինեն, ավելացնում, որ գոնե Աստված խնայել է Արմենին, չնայած, որ պատերազմում ծանր վիրավորում է ստացել։

Սեպտեմբերի 19-ին Լուսինեի 3 որդիները դիրքերում էին՝ տարբեր ուղղություններով։ Նույն օրը Վարդանը զանգել է ավագ եղբորը, ասել, որ իրենց մոտ որոշակի հանգստություն կա, միայն ուզում էր լուր իմանար տնեցիների ու դիրքերում գտնվող Մերուժանի ու Արմենի մասին։ Դա եղել է նրա վերջին զանգը։ 

Հետո իրենց հենակետի անձնակազմին հրաման են տվել տարհանել վիրավորներին, շատերը հրաժարվել են, քանի որ մարտերը չէին դադարում։ Բայց, Վարդանը համագյուղացի Կարենի հետ գնացել ու ամենաթեժ գոտուց դուրս են բերել ոչ միայն վիրավոր զինակից ընկերներին, այլև զոհվածների մարմինները։ 

Այսպես մի քանի անգամ․... մինչ կյանք փրկելիս անօդաչու թռչող սարքի հարվածից Վարդանն ու Կարենը անմահանում են դիրքում, իրար ձեռքից բռնած։ Հաջորդ օրն առավոտյան գյուղերը տարհանվել են։ Այդ ընթացքում Մերուժանը լսել էր միայն իր ընկերոջ՝ Տիգրանի ենթադրյալ զոհվելու մասին և փորձում էր գտնել նրա մարմինը։ Կրակի ամբողջական դադարից հետո, երբ վերադարձել է տուն, բոլորը տարհանվել էին։ Գյուղում մնացել էին միայն 8 հոգի, այդ թվում՝ իր հայր Արմավիրը։

«Իրավիճակն այնքան անելանելի էր, որ չգիտեինք՝ ի՞նչ անել։ Այստեղից-այնտեղից վառելիք գտնելով լիցքավորել ենք մեր համագյուղացու ավտոմեքենան, բոլորս տեղավորվել ու բռնել Ստեփանակերտ տանող ճանապարհը։ Հեռվից նկատել ենք, որ գյուղի տակ արդեն ադրբեջանական զորքն է և կրակում են Կոճողոտ գյուղի մուտքում տեղադրված խաչին։ Հետ ենք վերադարձել ու անտառային ճանապարհով գնացել։ Երբ դուրս ենք եկել դաշտամիջյան հատված, տեսել ենք ադրբեջանական զորքին՝ 2 տանկով, հետևակի մարտական մեքենայով դիրքավորվել են նաև գյուղերն իրար կապող ճանապարհներին։ Ետ դառնալու ձև չկար, կա՛մ պիտի կռիվ տայինք, կա՛մ գերի հանձնվեինք»,-պատմում է Մերուժան Սարգսյանը։ 

Տղաները փորձել են կռվի մեջ մտնել, երբ ադրբեջանցի ծառայողները բացել են ճանապարհն ու ասել գնացեք։ Մերոնք զարմացել են մեծահոգությունից, չիմանալով, որ առջևում ևս մի փորձություն է սպասվում։ 

«Հարևան Պողոսագոմեր գյուղն անցնելուց հետո պետք է հասնեինք ասֆալտապատ հյուսիս-հարավ մայրուղին, ու տեսանք այստեղ մեզ սպասող զենքերով դիրքավորված ադրբեջանական զորքին։ Մեկ րոպեն կյանք արժեր։ Մեքենան արագ հետադարձ ենք արել, արագ քշել, կրակել են մեր հետևից, կանգնեցրել ենք ու ոտքով մտել անտառների մեջ։ Այդ ընթացքում մտածել ենք, որ անիմաստ է լինելու պայքարը։ 2 օր անտառներով, գետերի միջով, սոված, այդ ցրտին հասել ենք Առաջաձոր։ Սպասել ենք մութն ընկնի, որ շարժն ապահովենք բաց տարածքներով։ Խաչենի անտառում ֆերմա կար, հովվի սենյակում կրակ ենք վառել, չորացրել մեր հագուստը, մի քիչ հանգստացել ու նորից բռնել անորոշ ճանապարհը»,- պատմում է մեր զրուցակիցը։ 

Տղաները դիրքավորվել են ճանապարհի եզրին, նկատել հայկական համարանիշով մեքենայի, կանգնեցրել են, տեսել հայ է ու առաջ են եկել։ Հանդիպել են հրամանատար Կարեն Ջալավյանին (Քյոխ), վերջինս մեքենա է ապահովել ու շարժվել են Ստեփանակերտ։ Մերուժանն ասում է, որ այնտեղ իմացել են Արմենի վիրավորվելու, ընկերոջ՝ Տիգրանի ողջ մնալու մասին, իսկ Վարդանից ոչ ոք տեղեկություն չուներ։ 

Մոր միջամտությամբ հաջորդ օրը ԿԽՄԿ-ն Արմենին Մարտակերտից տեղափոխել է Ստեփանակերտի հիվանդանոց, նախաձեռնել Վարդանի որոնումները։ Լուսինե Ղալայանը տեղ չի թողել, դիմել է բոլորին, խնդրել, բողոքել, հակադարձել․ մոր սիրտը զգում էր սարսափելին։ 

«Ասացին, որ Մարտակերտից 64 դիակ են տեղափոխել մորգ։ Մերուժանն առանց ինձ բան ասելու գնացել է այնտեղ ու ճանաչել Վարդանիս դիակը, Կարենին ու մեր գյուղից էլի մի քանի հոգու։ Ինձ ոչինչ չեն ասել, գիտեին, որ կխելագարվեի»,- պատմում է մայրը՝ անընդհատ ընդմիջելով խոսքն ապրումների պատճառով, որդու մահվան մեջ մեղադրելով անգործ իշխանությանը, քանի որ չգիտի՝ որդին ո՞ւմ համար է զոհվել, եթե չկա հայրենիք։ 

Արմենին կայուն ծանր վիճակում բժիշկներն ուղղաթիռով տեղափոխել են Երևան, հաջորդ օրը Վարդանի դիակն են տեղափոխել և 2 օր անցել գաղթի ճանապարհը։ Վարդանը հուղարկավորվել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, Սարգսյանների բազմանդամ ընտանիքը՝ վարձակալությամբ ապաստանել է Էջմիածին քաղաքում։ Արմենը դեռ շարունակում է բուժում ստանալ։ Տղաները ուսմանը զուգահեռ նաև աշխատանք են փնտրում։

Հունան Թադևոսյան