Ալենի «առևտրական» մտածողությունը

«Անընդունելի է, որ եկեղեցականն ու եկեղեցին զբաղվում են քաղաքականությամբ․ չպետք է եկեղեցին զբաղվի քաղաքականությամբ: Քաղաքականությունն առևտուր է, և եկեղեցին, իր գործը թողած, զբաղվում է առևտրով»,- այսօր ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Ընդհանուր առմամբ, ցավալի է, որ Սիմոնյանը նման «կենցաղային» պատկերացում ունի քաղաքականության մասին, չնայած սա բխում է նրա քաղաքական ուժի «լյումպենական» ծագումից:
Քաղաքականությունն առաջին հերթին արժեքների, գաղափարների համակարգ է, արդյունք ստեղծող գործընթաց, ու ցավալի է, որ երկրի երկրորդ պաշտոնյան անհաղորդ է այս իրականությանը:
Սիմոնյանը խոսում է այն «քաղաքականության» մասին, որի մեջ իրենք են՝ սպառողական իրենց հոգեբանությամբ:
Սակայն խնդիրը նույնիսկ սա չէ, այլ այն, որ իշխանությունը լուծումներ չունի, անգամ չի պատկերացնում, թե ինչպես առաջացավ այս շարժումը, ինչո՞ւ ծնվեց Բագրատ Սրբազանի քաղաքական ֆենոմենը:
Իշխանության ճգնաժամը և դելիմիտացիա/դեմարկացիայի քողի տակ թաքնված միակողմանի զիջումներն են առաջացրել Բագրատ Սրբազանի շարժումը, ի՞նչ են անում իշխանություններն այս երկու պատճառները վերացնելու համար: Օրինակ, ո՞րն է իշխանության ճգնաժամը լուծելու ճանապարհը կամ ինչպե՞ս դիմակայել ադրբեջանական շանտաժին:
Քանի այս հարցերի պատասխաններն իշխանությունները չունեն, շարժումը միայն ուժեղանալու է՝ անկախ այն հանգամանքից, թե ով է դրա գլխին կանգնած` հոգևորակա՞ն, թե՞ աշխարհիկ:
Վահրամ Բագրատյան