Մինչև տարեվերջ կամ գարնանը Ադրբեջանը կիրականացնի Հայաստանի դեմ ռազմական ագրեսիա․ Իգիթյան

Մինչև տարեվերջ կամ գարնանը Ադրբեջանը կիրականացնի Հայաստանի դեմ ռազմական ագրեսիա․ Իգիթյան

ԱՄՆ-ն դիտարկում է, որ մոտակա ժամանակ Ադրբեջանը ռազմական գործողություններ կիրականացնի Հայաստանի դեմ։ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անցած շաբաթ նախազգուշացրել է օրենսդիրներին, որ իր գրասենյակը դիտարկում է այն հավանականությունը, որ Ադրբեջանը շուտով կարող է ներխուժել Հայաստան․ այս մասին գրել էր Politico-ն:

MediaHub-ի հետ զրույցում կովկասագետ, «Հայկական Նախագծի» համահիմնադիր Կարեն Իգիթյանը նշում է՝ վտանգը միանշանակ կա՝ կա՛մ մինչև տարեվերջ, կա՛մ գարնանը Ադրբեջանն իսկապես կարող է իրականացնել Հայաստանի դեմ ռազմական ագրեսիա։

Կարո՞ղ է նույն ԱՄՆ-ն, որն այդ վտանգի մասին կանխատեսում է, կանխել նման զարգացումը.

«ԱՄՆ-ն միանշանակ կարող է կանխել այդ ագրեսիան՝ նայելով Իզրայելին տեսնում ենք, թե ինչին կարող է իրավիճակը հասնել մի քանի օրերի ընթացքում։ Եթե ԱՄՆ-ն ցանկանա, ապա Ալիևը միանգամից կհասկանա ու ոչինչ չի անի, գուցե զորքերն էլ մի քանի կիլոմետրով սահմանից քաշի։ Բայց, ցավոք, մենք տեսնում ենք, որ այս պահին միայն հայտարարություններ են թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Եվրոպայի երկրների կողմից»,- ասաց Իգիթյանը։

Ըստ կովկասագետի, Եվրոպայի և ԱՄՆ-ի գործադիր մարմինները ոչինչ չեն պատրաստվում անել, անգամ Ֆրանսիայի գործադիր մարմնին Մակրոնն ասել է, որ պատժամիջոցների ժամանակը չէ, և հրաժարվել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցը բարձրացնել։ Իսկ, օրինակ, Իրանն ի սկզբանե տրամադրված էր թույլ չտալ ոչ մի ռազմական ագրեսիա Հայաստանի դեմ, մանավանդ Սյունիքի հատվածում, բայց հիմա դժվար է կանխատեսել` հաշվի առնելով Հայաստանի դիրքորոշումը, որը չի ուզում դաշինքային հարաբերություններ ստեղծել Իրանի հետ կամ պահպանել դրանք Ռուսաստանի հետ։

«Կարելի է ասել, որ բոլոր երկրները հաշվի կառնեն իրավիճակը տարածաշրջանում: Եվ մենք արդեն չենք կարող վստահ լինել նույն Իրանի արձագանքին, ինչպիսին կարող էր լինել կես տարի կամ մեկ տարի առաջ։ Ռազմական իրադարձություններ հնարավոր են անգամ այս ամիս, մանավանդ, որ Հայաստանը հիմա թուլացած է և Ադրբեջանը կօգտվի դրանից»,- եզրափակեց Իգիթյանը։ 

Մարիաննա Արամյան