Ո՞րն է պայմանավորվածությունների գինը

Փետրվարի 23-ին հանդիպում է տեղի ունեցել ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչների, ինչպես նաև ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարության մասնակցությամբ։
Պայմանավորվածություններ են ձեռք բերվել ԼՂ-ում էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման վերականգնման վերաբերյալ։
Լաչինի միջանցքով տրանսպորտային միջոցների անխոչընդոտ տեղաշարժը վերականգնելու շուրջ բանակցությունները շարունակվում են։
Այս տեղեկատվությունը պաշտոնապես հաստատվել է Ստեփանակերտի կողմից:
Եթե այս տեղեկատվությունը դիտարկում ենք Հաագայի միջազգային դատարանի որոշման լույսի ներքո, ապա բանակցությունները, մեղմ ասած, արդյունավետ չեն, որովհետև դատարանի պարտադիր որոշումը ոչ թե նոր դիալոգի նախապայման է, այլ Լաչինի միջանցքը երկկողմանի բացելու պահանջ: Նշված պաշտոնական հաղորդագրությունը, սակայն, ենթադրում է ընդամենը փոքր առաջընթաց, այն էլ՝ էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման վերականգնման մտադրության վերաբերյալ։
Սակայն շատ ավելի անհանգստացնող է այն հանգամանքը, որ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը հաջորդել է մեկ այլ իրադարձության՝ ԼՂՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությանը, ինչին հետևողականորեն հետամուտ էր Բաքուն, անգամ՝ Ալիևի մակարդակով:
Հիմա ստացվում է՝ Բաքվի դիրքորոշումը «կառուցողական» է դարձել ոչ թե Հաագայի դատարանի որոշման, այլ Վարդանյանի պաշտոնանկության, այլ խոսքով՝ իր նախապայմանի բավարարման հետևանքով:
Ընդսմին, Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ, ենթադրաբար՝ Բաքուն նոր պահանջներ ունի, ինչի մասին պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտը լռում են:
Վահրամ Բագրատյան