Aston Martin-ը Vantage-ի նոր մոդել կներկայացնի՝ խորհրդանշական V12 շարժիչով

2022թ․ գարնանը կգա այն պատմական պահը, երբ Aston Martin-ը հրաժեշտ կտա ապրանքանիշի համար խորհրդանշական V12 շարժիչին: Այս հզոր շարժիչով հրաժեշտի սպորտային մեքենան կլինի Aston Martin V12 Vantage-ը, որը պաշտոնապես մարտին կներկայացվի, գրում է Motor-ը։
Քանի դեռ նորմատիվները թույլ են տալիս բենզինով աշխատող մեքենաներ թողարկել, Aston Martin-ը դրանք կարտադրի, սակայն այնուհետեւ կհետեւի ամբողջովին էլեկտրական մոդելներին անցնելու արդեն ազդարարված ծրագրին:
Ըստ շշուկների՝ Aston Martin V12 Vantage-ի համար կհարմարեցնեն Aston Martin V12 Speedster սուպերքարի 5,2 լիտրանոց բիտուրբոշարժիչը:
Դատելով նախորդ թիզերներից՝ նոր V12 Vantage-ը կստանա առնվազն հատուկ աերոդինամիկ թափք՝ խոշոր հակաթեւերով, ինչպես նաեւ նոր անիվներ եւ սրահի դիզայնում սպորտային շեշտադրումներ:
Բացառված չէ, որ սպորտային մեքենայի թափքի վահանակների մի մասը պատրաստված լինի ածխածնի պլաստիկից, իսկ սրահը զրկվի հարդարման մի մասից՝ մեքենայի քաշը նվազեցնելու համար:
Aston Martin V12 Vantage-ի պաշտոնական շնորհանդեսը մարտի 16-ին կկայանա։