Պերուի նախագահը հայտարարել է, որ իրեն ցանկանում են տապալել պաշտոնից կեղծ մեղադրանքների միջոցով

Պերուի նախագահը հայտարարել է, որ իրեն ցանկանում են տապալել պաշտոնից կեղծ մեղադրանքների միջոցով

Շաբաթ Պերուի նախագահ Պեդրո Կաստիլյոն խնդրել է Ամերիկյան պետությունների կազմակերպությանը (ԱՊԿ) կիրառել  Միջամերիկյան ժողովրդավարական խարտիան, քանի որ համարում է, որ իրեն ցանկանում են տապալել երկրի ղեկավարի պաշտոնից կոռուպցիայի շուրջ կեղծ մեղադրանքների միջոցով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ես կոչ եմ անում միջազգային հանրությանն ու Պերուի ժողովրդին կիրառել Միջամերիկյան ժողովրդավարական խարտիան եւ պատրաստ լինել ապակայունացման կամ պետական հեղաշրջման ցանկացած փորձին, որը կարող են իրականացնել նրանք, ովքեր չեն ընդունում իրենց պարտությունը»,-գրել է նա թվիթերյան էջում:

Ավելի վաղ La República թերթը գրել է, որ ձեռնարկատեր Կարելիմ Լոպեսը, որը կասկածվում է փողերի լվացման մեջ, ցուցմունք է տվել ընդդեմ Կաստիլյոյի քննության հետ համագործակցության շրջանակում: Նրա խոսքով՝ Պերուի նախագահը ստեղծել է կոռուպցիոն սխեմա պետպատվերի համար հատկացված միջոցները հափշտակելու շրջանակում: Լոպեսի պնդմամբ՝ Կաստիլյոյին անհրաժեշտ էին այդ գումարները նախընտրական արշավի համար գոյացած պարտքերը մարելու համար:

«Տիկին Կարելիմ Լոպեսը դատախազությանը ցուցմունք է տվել, որը չունի իրավական ուժ եւ իրականության հետ որեւէ աղերս»,-պնդում է Կաստիլյոն: Նրա կարծիքով՝ բազմաթիվ ԶԼՄ-ներում Լոպեսի ցուցմունքի հրապարակումը իր դեմ դավադրության մի մասն է: «Նրանք, ովքեր կազմակերպել են այդ դավադրությունն ընդդեմ պետության նախկին ղեկավարների, ցանկանում են անել դա ընդդեմ ժողովրդական կառավարության»,-հավելել է նա:

Ըստ Միջամերիկյան ժողովրդավարական խարտիայի 20-րդ հոդվածի՝ ԱՊԿ ցանկացած անդամ կարող է մշտական խորհրդի անհապաղ նիստ գումարելու դիմում ներկայացնել, եթե անդամ երկրում խախտվում է սահմանադրական կարգը: Մշտական խորհուրդը պետք է գնահատի իրավիճակն ու դիտարկի միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը:

: