ՔՊ-ականի ծնողի աստղաբաշխական ձեռքբերումները, Ովքեր են այն 4 պատգամավորները, որոնք կողմ չեն քվեարկել. Մամուլը՝ սուրճով

ՔՊ-ականի ծնողի աստղաբաշխական ձեռքբերումները, Ովքեր են այն 4 պատգամավորները, որոնք կողմ չեն քվեարկել. Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրում է.

«Լիսկաների եւ մյուսների բդեշխության ինստիտուտը ժամանակին քննադատող Նիկոլ Փաշինյանը երկիրը բաշխել է իր բդեշխների միջեւ, որոնք որոշում են, թե մարզում ով լինի համայնքապետ կամ ոստիկանապետ։

Սիսիանում ականատես եղանք, թե տեղական բդեշխը` ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանը, ինչպես է գահընկեց անում իր ասածը չանող քաղաքապետին եւ իր ուզած մարդուն դարձնում քաղաքապետ։:

Նախ ստիպեցին, որ հրաժարական տա Արմեն Հակոբջանյանը, ապա նրա փոխարեն երեկ Սիսիանի ավագանին 14 կողմ ձայնով համայնքապետ ընտրեց ՔՊ ավագանու անդամ Հովսեփ Առաքելյանին՝ 34-ամյա մի երիտասարդի, որը համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարեն Իվանյանի զարմիկն է՝ քրոջ որդին, որի թեկնածությանը սիսիանցիները դեմ էին:

Ասում էին՝ նա ընդամենը առաքիչի փորձ ունի, զուգարանի թուղթ, անձեռոցիկ է ցրել, չի կարող մեծ համայնք ղեկավարել։

Քանի որ ՔՊ-ն ավագանու ընդամենը 13 անդամ ուներ, ստացվում է, որ Առաքելյանի ստացած 14 ձայներից մեկն ավագանու ընդդիմադիր անդամների կողմից է տրվել»:

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, կարծես թե, հ/կ չէ, եւ կոռուպցիոն դեպքեր հայտնաբերելու համար ստանում է մեր հարկերից գոյացած աշխատավարձը… Ինչեւէ` անիմաստ հարցադրում։

Ուսումնասիրելով ԱԺ պատգամավոր Մարիամ Պողոսյանի հետ համատեղ բնակվող Աշոտ Պողոսյանի՝ նրա հոր հայտարարագիրը՝ փորձում ենք կանխարգելել կոռուպցիան. Աշոտ Պողոսյանը 2021 թվականին հայտարարագրել է «զրո դրամ» եկամուտ եւ դրամական միջոց, որը իրատեսական է, քանզի նա երկար տարիներ է, ինչ չի աշխատում:

Պողոսյանն ընդդիմադիր է՝ «Հայաստանի առաջադիմական միացյալ կոմկուս»-ի ակտիվ անդամ, սակայն կոմունիստ Աշոտ Պողոսյանը 2022 թվականին միանձնյա ռեժիմով ձեռք է բերել 29.3 միլիոն դրամով բնակարան Երեւանի Կենտրոն վարչական շրջանում։ Հավելենք, որ Աշոտ Պողոսյանը 2023 թվականից է սկսել հայտարարագրել ունեցվածքը եւ որեւէ եկամուտ չի ունեցել՝ միայն չնչին կենսաթոշակ։

ՔՊ-ի հետ նիկոլական, կոմունիստների հետ կոմունիստ, այսպես, կոմպլեմենտար եղանակով Մարիամ Պողոսյանը ընտանիքի հետ «թավշյա հեղափոխության» շնորհիվ սկսել է իր կարիերայի վերելքը։

Պատգամավորի օգնականից՝ պատգամավոր»:

 

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՔՊ 71 հոգանոց խմբակցությունը նախօրեին 67 կողմով ընդունեց Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանազատման աղմկահարույց կանոնակարգը, որն ընդդիմության կողմից բնորոշվեց որպես հերթական զիջումների փաստաթուղթ։ Ովքեր են այն 4 պատգամավորները, որոնք չեն քվեարկել կանոնակարգին կողմ, այն դեպքում, երբ գործուղման մեջ գտնվողներն անգամ, օգտվելով «ԱԺ կանոնակարգ» օրենքի ընձեռած հնարավորությունից, գրավոր թողել էին իրենց կողմ դիրքորոշումները:

Գրավոր դիրքորոշումը` կողմ հայտնել էր 2 պատգամավոր․ Վահե Ղալումյանն ու Սոնա Ղազարյանը: Իսկ Արփի Դավոյանը, Ռուստամ Բաքոյանը, Էդուարդ Աղաջանյանը, Մերի Գալստյանը բացակա էին, բայցեւ իրենց դիրքորոշումը չէին փոխանցել ԱԺ-ին։ Մեզ թույլ չենք տա պնդել, որ սա եւս որոշակի դիրքորոշում է կամ ընդդիմանալու ձեւ: Թերեւս ուղղակի անփութություն է, թեեւ կարող է նաեւ էժան չնստել այս անձանց վրա»: